Բաժիններ՝

«Եթե ես լինեի այդ տնօրենների տեղում, ապա կախվելը քիչ կլիներ ինձ համար». Անահիտ Բախշյանը՝ դպրոցների օպտիմալացումների մասին

«Իրավիճակն այն դպրոցների համար, որոնք օպտիմալացվել են, մեղմ ասած, դժոխային է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր 15-օրյա ժամկետում կառավարությանը ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը:

Դրանից հետո տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ նախատեսում են մարզային կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկել կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում:

Այժմ պարզ դարձավ, որ սեպտեմբերից օպտիմալացվելու են մի շարք մարզային և քաղաքային դպրոցներ, սակայն համայնքների ղեկավարներն ասում են, որ իրենց նախօրոք չեն զգուշացրել դրա մասին, և հիմա իրենք փաստի առաջ են կանգնել:

«Բոլորովին չեմ նախանձում այդ տնօրեններին, որովհետև, եթե ես լինեի իրենց տեղում, ապա կախվելը քիչ կլիներ ինձ համար: Ուսումնական տարվա սկզբին մարդիկ իմանում են, որ կա՛մ իրենք այլևս չեն գործելու, կա՛մ միացվելու են: Ավելի տգետ, վատ, անխիղճ կառավարում դժվար է պատկերացնել: Ես արդեն ասել եմ, որ այս գործընթացը պետք է մեկուկես, երկու տարի առաջ սկսվեր, նախապես ասվեր դպրոցներին, որ՝ դուք փակվելու եք, միանալու եք սրան, մտածեք՝ ինչպես անեք, ինչպես այդ ուսուցիչների հետ աշխատեք, ինչպես ընտրեք՝ լավագույնին պահեք, ոչ թե համատարած ամբողջ կոլեկտիվը դրեք ու ոչնչացրեք:

Ես ուղղակի ապշում եմ` վարչապետ, նախարար, իրենք մի վայրկյան մտածե՞լ են, պատկերացրե՞լ են, թե ինչպես են այդ մարդիկ այդ գործընթացն անելու: Հինգշաբթի օրը կառավարությունը որոշում է կայացրել օպտիմալացնելու: Երկու օր հետո սեպտեմբերի 1-ն է, այդ աշակերտների, ծնողների վիճակը, ուսուցիչների վիճակը… Ես չգիտեմ, մենք այս տեսակ անգրագետ, դիլետանտ… Ջղայնությունից չգիտեմ՝ ինչ բառեր ասեմ, որ սիրտս հովանա»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Հարցին՝ ի՞նչ կարող են անել այս պարագայում ուսուցիչները, տնօրենները, հակազդեցություն կլինի՞, Ա. Բախշյանը պատասխանեց, որ ոչինչ էլ չեն կարող անել.
«Թող ներեն իմ մանկավարժ գործընկերներից շատերը, բայց, չնայած այդ խոսակցությունները գնում էին, տնօրենները փոխանակ առաջանցիկ քայլեր անեին, գնային մարզպետարան կամ քաղաքապետարան, ասեին՝ «այս ի՞նչ զրույցներ են, այս ի՞նչ եք ասում, հստակեցրեք, ասեք» և այլն, բոլորը սուս արած նստել էին իրենց տեղում, որ հանկարծ իրենց ձեռք չտան, թքած կրթության վրա, կրթությունը կազմակերպելու գործընթացի վրա, այն բանի վրա, թե այդ երեխաները, աշակերտներն ու ծնողներն այսօր ոնց են այդ լուրն ընդունելու: Հիմա ես պատկերացնում եմ նրանց շվարած, կատաղած վիճակը ու անզորությունից ատամները կրճտացնելու վիճակը: Ես ուղղակի մինչև վերջ հիասթափված եմ բոլորից: Եթե մեջս մի փոքր հույս էլ կար՝ սրա-նրա հետ կապված, այսօր ես հիասթափված եմ, որովհետև իրենք իրենց կառավարումը վերին աստիճանի անգրագետ են անում»:

Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, հիմա շատ ուսուցիչներ, տնօրեններ, դպրոցի աշխատողներ գործազուրկ են դառնալու, դա կբերի նաև մեկ այլ խնդրի, թե որտե՞ղ են այդ կադրերը գնալու՝ Ա. Բախշյանն այսպես արձագանքեց. «Գործազրկության տոկոսն այս ոլորտում միանգամից կթռնի, չնայած նախարարը տարօրինակ ձևով 10-20 մարդու մասին է խոսում, այն դեպքում, երբ ներքին կարգով ամեն դպրոցում հանձնարարել են կրճատել 10-20 հոգի:

Երբ ինքն ասում է՝ դուրս մնացած ուսուցիչներին մենք կարող ենք շրջաններ, մարզեր ուղարկել, այնտեղ ուսուցչի կարիք կա, հեշտ չի ասելը, եթե նման գաղափար կա, պետք է ծրագիր ներկայացվի, ասվի՝ «այսինչ մարզում, այսինչ ուսուցչի տեղ կա, եթե գնաք, ստանում եք բնակարանը, կենցաղային հարցերը լուծում ենք, կրկնակի աշխատավարձ ենք տալիս, պայմաններ ենք ստեղծում: Բայց եթե մարդը Երևանում ընտանիք ունի, երեխաներ ունի ու այսօր գործազուրկ է, նրանց համար ի՞նչ պետք է որոշես: Ոչ մի բան մտածված չի արվում, ձեռքի հետ, ոտքի վրա, գիշերը քնում են, առավոտը վեր են կենում, որոշում են կայացնում»:

Մեր այն հարցին էլ, թե՝ առհասարակ, այդ օպտիմալացման կարիքը Դուք տեսնո՞ւմ էիք, Ա. Բախշյանը պատասխանեց, որ, այո, տեսնում էր, բայց, նրա խոսքով, պետք է նստեին, խելքը գլխին օպտիմալացման ծրագիր գրեին. «Եթե երկու տարի առաջ գրեին, հիմա անեին, լրիվ ուրիշ բան կլիներ: Ջայլամի քաղաքականություն պետք չէր վարել, հաստատ պետք էր գրել՝ այսինչ տոկոսը պետք է կրճատվի, բայց կառավարության մեկ այլ որոշմամբ ցուցակ գրեին, թե որտեղ ու ինչ պայմաններով են առաջարկում աշխատանքներ այդ ուսուցիչներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս