Դաժան ծեծկռտուք Մասիս քաղաքում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Armtimes.com-ի տեղեկություններով, նախորդ շաբաթ ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում:
Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, և վերջինիս Գոռ անունով սանիկը օգոստոսի 18-ին 5-6 ավտոմեքենայով, դանակներով և մահակներով զինված՝ ծեծի են ենթարկել մի խումբ անձանց:
Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքի հրապարակի սրճարաններից մեկում, երեկոյան: Նախ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքապետի մերձավորները վիճաբանող մյուս կողմին հասցրել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Դանակահարել են մի քանիսին, մյուսները գլխի շրջանում ծանր վնասվածքներ են ստացել»,- փոխանցեց աղբյուրը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ օգոստոսի 19-ին տեղեկություններ են ստացել, որ նախորդ օրը՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Մասիսի կենտրոնական հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվականից հայտնեցին նաև, որ հետաքննություն է կատարվում: «Ըստ տեղեկությունների, վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով վնասվածքներ, նյութեր են նախապատրաստվում»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ նշելով, որ հիվանդանոցներից դեպքի վերաբերյալ ահազանգեր չեն ստացել: Ոստիկանությանը հայտնի է վիճաբանողներից երկուսի տվյալները:
Armtimes.com-ին տեղեկություններով՝ քաղաքապետի եղբորն այժմ ամեն կերպ փորձում են այս պատմությունից մաքուր հանել: Միջադեպի մասին զրուցեցինք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ: «Ինձ համար զարմանալի է ընդհանրապես, թե իմ եղբոր անուն, ընդհանրապես, ինչու են մտցրել այս հարցի մեջ: Ես լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ ինչ-որ դեպք է եղել քաղաքում, ոստիկանությունն էլ ոնց որ թե զբաղվում է: Ինձ հետաքրքիր է, թե իմ եղբոր անունն ինչու են կապում այդ միջադեպի հետ: Ես կարծում եմ, որ սրանք ուղղված քայլեր են իմ անունը կեղտոտելու հետ կապված»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ նշելով, որ խոսել է իր եղբոր հետ, որն ասել է, որ որևէ կապ չունի այդ միջադեպի հետ, ապա հավելեց,- «Ես նման միջադեպերին լավ չեմ վերաբերվում, և եթե նման դեպք լինի, առաջինը ես կպատժեմ, դա վատ երևույթ է»,- ասաց քաղաքապետը:
Հարցին՝ ձեր եղբոր սանիկն էլ կապ չունի՞, Դավիթ Համբարձումյանն ասաց, որ կդժվարանա այդ մասին որևէ բան ասել: «Ես սպասում եմ իրավապահների վերջնական գնահատականին, որպեսզի հասկանամ, թե ինչ է եղել իրականում»,- հավելեց Համբարձումյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: