Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Դրանում ասվում է.
«Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է:
Նա ստեղծեց գրականություն, որը երբեւէ ժամանակ չճանաչեց: Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ: Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները: Նա կամուրջ էր արվեստի և հասարակության, քաղաքացու, մտավորականի եւ մշակույթի միջեւ:
Պերճ Զեյթունցյանն այլևս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը և բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:
Ցավակցում եմ Պերճ Զեյթունցյանի ընտանիքին, հարազատներին, նրա գրչի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»: