Բաժիններ՝

«Համոզված եմ՝ մի բան կանեն, բայց կարծում եմ՝ դեկտեմբերին համաներում է լինելու, կարող է՝ այդ ժամանակ իրեն ազատ արձակեն». Հրաչյա Հարությունյանի ազգական

Այսօր մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Հրաչյա Հարությունյանի հարազատների տեղեկություններով՝ նրան դեկտեմբերին ազատ են արձակելու, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան ներում շնորհելու որոշում է կայացրել:

168.am-ի հետ զրույցում Հ. Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, նշեց, որ ինքը Հ. Հարությունյանին ներում շնորհելու խնդրանքով նամակ է գրել նախագահին, և իր տեղեկություններով՝ այդ ներման նամակը ստորագրված՝ ուղարկված է ներման վարչություն:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում): Այս տարվա հուլիսի 20-ին Հ. Հարությունյանին տեղափոխեցին Հայաստան: Դրանից հետո Հ. Հարությունյանի հարազատները նամակով դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նրան ներում շնորհեն:

Մեզ հետ զրույցում Հրաչյայի աներն ասաց, որ իրենց նամակը հասել է ներման վարչություն. «Ես չգիտեմ՝ Սարգսյա՞նն է ստորագրել, իր տեղակա՞լն է ստորագրել, թե՞ ով, բայց գիտեմ, որ նամակը հասել է ներման վարչություն»:

Կարդացեք նաև

Հարցին, թե՝ որտեղի՞ց ունեք նման ինֆորմացիա, Վ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.

«Դե, ես նամակ եմ գրել ու նամակի հետքերով գնացել եմ, ու ինձ ասացին, որ ուղարկված է ներման վարչություն, սպասում ենք, տեսնենք՝ դատարանն ինչ որոշում կկայացնի, նոր մենք վերջնական որոշում կկայացնենք»:

Վ. Մարտիրոսյանը դրական է տրամադրված, ասում է՝ ում հետ խոսում են, իրենց ասում են, որ Հրաչյան 2/3-ը նստել է, մի մասն է մնացել, ներում կշնորհեն: «Համոզված եմ, որ մի բան կանեն, բայց կարծում եմ՝ դեկտեմբեր ամսին համաներում է լինելու, կարող է՝ այդ ժամանակ իրեն ազատ արձակեն»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև հույս հայտնեց, որ մինչև ներում շնորհելը Հրաչյա Հարությունյանին ազատ ելումուտի հնարավորություն կընձեռեն: Վ. Մարտիրոսյանն այդ հարցով դիմելու է ՀՀ Արդարադատության նախարարություն. «Որ ինքը կարողանա հանգիստ տուն գնա-գա»:

Հարցին, թե ինչպե՞ս է այս պահին Հ. Հարությունյանի առողջական վիճակը, Վ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Դե, նրա առողջական վիճակն այն ժամանակ է լավ լինելու, երբ իրեն վիրահատումները կատարեն, դեղերով անընդհատ սրսկում են, դեղերն ընդամենը թուլացնում են ցավերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս