
Իսպանիան պահպանել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ ուժեղացնելով անվտանգությունը

Իսպանիայի իշխանությունները պահպանել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ հնարավոր հինգից սահմանելով 4: Այդ մասին հաղորդում է El Pais-ը, վկայակոչելով Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սոյդոյին:
Նախարարն ընդգծել է, որ միաժամանակ, Իսպանիան կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ կապված Կատալոնիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Նրա խոսքով, Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանությունները կամրապնդեն փոխգործակցությունն աշխատանքի բոլոր ոլորտներում:
Նա նշել է, որ Մադրիդը նաև կշարունակի կապ պահպանել այլ երկրների հատուկ ծառայությունների հետ: «Ջիհադական ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը խիստ անհրաժեշտ է»,- ասել է Սոյդոն:
Ահաբեկչական սպառնալիքի չորրորդ՝ «բարձր» մակարդակն Իսպանիայում սահմանվել էր 2015-ի հունիսից՝ եվրոպական տարբեր քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: