Բարսելոնայում մեկ րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը
Օգոստոսի 18-ի կեսօրին Բարսելոնայի Կատալունիա հրապարակում լռության րոպեի արարողություն է անցկացվել ի հիշատակ Կատալոնիայում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի: Այդ մասին գրել է իսպանական La Vanguardia թերթը:
Հրապարակում մի քանի հազար մարդ էր հավաքվել: Արարողությանը մասնակցել են Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, Բարսելոնայի ալկալդ (քաղաքագլուխ) Ադա Կոլաուն, Իսպանայի քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:
Լռության րոպեի ավարտվելուց հետո հավաքվածներից ոմանք սկսել են բացականչել՝ «Ես չե՛մ վախենում»:
Արարողության ընթացքում ձեռնարկվել էին անվտանգության աննախադեպ միջոցներ: Ոստիկանությունը դրան մասնակցել ցանկացողներին հանձնարարել էր Կատալունիա հրապարակ գալ ոտքով և առանց մեծ պայուսակների: Օգոստոսի 18-ի կեսգիշերվանից Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: