Իմաստուն, կարճ առակներ, որոնք կհիշեցնեն ամենակարևորի մասին
Ժամանակ առ ժամանակ շատ օգտակար է առակներ կարդալ, որոնք ամենակարևորի մասին մտածելու հիանալի բանալիներ են:
Յուրաքանչյոր մարդ ինչ–որ մեկի խնդրի լուծումն է:
Այս միտքը մի անգամ հնչեց իմ իմաստուն տատիկի բերանից: Ես շատ զարմացա, ու նա, նկատելով իմ զարմանքը, կրկնեց, որ ես ինքս էլ ինչ-որ մեկի խնդրի լուծումն եմ, ապա բացատրեց իր միտքը.
– Շնորհը, որ քեզ տրված է, միգուցե բոլորին չէ, որ պետք է, սակայն այն, անկասկած, պարզապես անհրաժեշտ է ինչ-որ մեկին. քո ժպիտը, քո սերը, քո ուժը:
Ինչ պատվիրում ես, այն էլ ստանում ես…
Մի կին լարված ու ջղային գնում է տրոլեյբուսով և մտածում. «Սա ի՞նչ կյանք է: Ուղևորները կոպիտ են ու անտաշ, ամուսինս հարբեցող խոզի մեկն է, երեխաներս՝ ծույլեր ու խուլիգաններ, իսկ ես` խեղճ ու դժբախտ»: Այս ամենը լսում է նրա հետևում կանգնած պահապան հրեշտակը, գրի առնում, ապա կրկին կարդում գրածը ու մտածում. «Եվ այս կնոջ ինչի՞ն են պետք սրանք. Դե՛, եթե չի ուզում, ինչ պատվիրում է, այն էլ կկատարենք…»: Մտածեք Ձեր ամեն մի բառի շուրջ:
Ինչո՞ւ են մարդիկ գոռում…
Մի անգամ Ուսուցիչն աշակերտներին հարցնում է.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:
Մեծագույն իմաստնություն…
Մի անգամ գիշերն այն նահանգում, ուր տեղակայված էր վանական համալիրը, առատ ձյուն տեղաց: Առավոտյան, երբ աշակերտները հավաքվեցին սրահներից մեկում, ուսուցիչն ասաց`ի՞նչ անենք, որ այս ձյունը մաքրվի: Աշակերտներից մեկն առաջարկեց աղոթել, որ եղանակը տաքանա, մյուսն ասաց, որ պետք չէ սենյակներից դուրս գալ մինչև ձյան հալվելը, երրորդն էլ հավելեց, թե նրա համար, որ ճանաչել է իմաստնությունը, միևնույն պիտի լինի՝ կա՞ ձյուն, թե՞ ոչ:
Ուսուցիչն ուշադիր լսեց բոլորին ու ասաց.
– Իսկ այժմ վերցնում ենք գոգաթիակներն ու գնում ձյունը մաքրելու:
Առակի միտքն այն է, որ չմոռանանք, որ խոսքից միշտ պետք է գործի անցնել. դա է, որ աշխատում է անխափան:
Առակ նեղվածության մասին…
Աշակերտն ուսուցչին հարցրեց.
– Դու այնքան իմաստուն ես, միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնիր, որ ես էլ այդպիսին դառնամ:
Ուսուցիչը համաձայնեց և խնդրեց, որ աշակերտը բերի մեկ կարտոֆիլ ու թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ:
– Եթե դու բարկանաս ինչ-որ մեկի վրա և նեղանաս նրանից, վերցրու կարտոֆիլը, նրա վրա գրիր այն մարդու անունը, ում հետ վիճել ես, և դիր տոպրակի մեջ:
– Եվ վե՞րջ,- հիասթափված ասաց աշակերտը:
– Ոչ,- պատասխանեց ուսուցիչը,- դու այն միշտ քեզ հետ պիտի տանես, ուր էլ որ գնաս, և ամեն անգամ, երբ էլի ինչ-որ մեկը նեղացնի քեզ, կարտոֆիլի վրա ավելացնես նրա անունը:
Աշակերտը համաձայնեց: Անցավ որոշ ժամանակ: Աշակերտի տոպրակը լցվեց կարտոֆիլներով և շատ ծանրացավ: Շատ դժվար դարձավ այն միշտ հետը տանելը: Բացի դրանից, առաջինը դրված կարտոֆիլը սկսեց փչանալ, ու ահավոր հոտ տարածվեց շուրջբոլորը:
Այդ ժամանակ աշակերտը եկավ ուսուցչի մոտ ու ասաց.
– Սա արդեն հնարավոր չէ տանել. Նախ՝ շատ ծանր է արդեն, հետո էլ՝ կարտոֆիլը փչացել է: Մի ուրիշ բան առաջարկիր:
Ուսուցիչն ասաց.
– Լսիր, նույն բանը քեզ հետ է կատարվում: Ուղղակի դու դա միանգամից չես նկատում: Քայլերդ վերածվում են սովորության, սովորությունը` բնավորության, ինչն էլ ծնում է վատ արատներ: Ես քեզ հնարավորություն տվեցի դրան կողքից հետևել: Ամեն անգամ, երբ կորոշես նեղանալ որևէ մեկից կամ, հակառակը, նեղացնել ինչ-որ մեկին, մտածիր` արդյո՞ք քեզ պետք է այդ բեռը:
Պատրաստեց ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ