Անկարան` նեղ անկյունների առջև

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե Թուրքիան մեծ դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ, անպայման Անկարայի դերակատարությունը  դրականորեն չի երանգավորում:

Նախ, այն պարզ պատճառով, որ հայտարարությունը ունի երկրորդ բաժին, որն ակնարկում է թուրք-ամերիկյան այսօրվա լարված հարաբերությունները: Թիլերսոնը չի խոսում ընդգծված լարվածության պատճառների մասին:

Քաղաքագիտական հատուկ հմտության անհրաժեշտություն չի զգացվում ենթադրելու համար, թե ի՛նչն է ակնարկված լարվածության բուն պատճառը:

Մանավանդ որ պաշտոնական Անկարայի խոսափող նկատվող «Անատոլու»-ն չէր ուշանում դրդապատճառի բացահայտում կատարելու իր պարտականությանը մեջ:

Թուրքական լրատվամիջոցը հաղորդում էր, որ ԱՄՆ-ին պատկանող 100 բեռնատարներ Իրաքից անցել են Սիրիա, հասնելու համար քրդական Ժողովրդական պաշտպանության ջոկատների վերահսկողության տակ գտնվող Հասաքե եւ ապա Ռաքքայի հյուսիսը:

Հիմա, երկրորդական նշանակություն ունի Անկարայում գործող ԱՄՆ դեսպանության հերքումը: Գործընթացը այս դեպքում երկկողմանի է: Մի կողմից քրդական զինյալ խմբավորումներին հասած ամերիկյան օժանդակությունն է, մյուս կողմից ԻՊ-ի դեմ չեզոքացման գործողություններին թափ տալը: Այս երկրորդ ուղղությունը թվում է, որ դեռևս սահմանափակ ծիրի մեջ  է ընթանում եւ գեթ այս փուլում ԻՊ-ի ամբողջական արմատախիլ անելուն միտված չէ:

Պատերազմական գործողությունների ռուս-ամերիկյան ամբողջական համաձայնությունն է, որը կարող է ահաբեկչության արմատախիլ անելուն միտող ռազմական համակարգված քայլերի դիմել, ինչը որ դեռեվս տեսանելի չէ, մանավանդ նկատի ունենալով այլ ճակատի վրա առարկայացող ԱՄՆ-ի ճշտած հակառուսական պատժամիջոցների խստացումը։ Մոսկվայի հետ դեռևս մերձեցում ապրող Անկարային չի հաջողվում կիրառել քրդական գործոնի չեզոքացման ուղղությամբ իր պատրաստած ռազմական ծրագրերը: Անկարան զիջում է նաեւ Լիբանան-Սիրիա սահմանների վրա դիրքեր գրաված ահաբեկչական խմբավորումների մաքրագործման պատերազմում: Չմոռանանք, որ մաքրագործվող խմբավորման վերաբերյալ միջազգային մամուլը հաճախ ակնարկել էր Թուրքիայից սնված, ֆինանսավորված լինելու իրողությունը:

Ժապհաթ Նուսրայի շահարկման գործոնը կորցրած Անկարան սիրիական տարածքների վրա թվում է շատ բան զիջած լինել Մոսկվային: Փոխարենը, չի հաջողվել ստանալ քրդական զինյալ երեւույթների զարգացումը կանխարգելելու երաշխիքներ: Ընդհակառակն` Վաշինգտոնը, թեեւ հերքելով, այսուհանդերձ շարունակում է օժանդակել Սիրիայի քրդերին։

Հիմա ինչպե՞ս պետք է ընկալել ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե` Թուրքիան կարեւոր դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ:

Եթե զինվորաքաղաքական այս իրադրությունների տրամաբանությունը նկատի ունենանք, Թուրքիայից ակնկալվում է հանգիստ հետեւել քրդական զինյալ ուժերի տեղաշարժերին եւ նրանց հասանելի օժանդակություններին, եւ երբ անհրաժեշտ պահը գա, աշխուժորեն մասնակցել հակաահաբեկչական գործողություններին:

Անկարան հայտնվել է նեղ անկյունների առաջ: Առկախվել  է նաեւ իր կողմից առաջադրված սիրիական տարածքների վրա անվտանգության գոտիներ առաջացնելու հանկերգը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս