Բաժիններ՝

«Էներգակիրների թանկացումը միշտ բերում է մուլտիպլիկատիվ էֆեկտի». Հարություն Մեսրոբյանը՝ ջրի սակագնի բարձրացման մասին

168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը

– Ինչպես հայտնի է, Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկայում պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար: Ինչպե՞ս եք դա գնահատում, և ի՞նչ ռիսկեր է դա պարունակում:

– Դա սովորական, մեզ հարազատ գործընթաց է, երբ պարբերաբար կոմունալ ծառայությունների գինը բարձրանում է: Իսկ որ գազը մի քանի անգամ բարձրացավ, էլետրաէներգիան բարձրացավ, չկայի՞ն նման հարցեր:

– Կարծես թե թանկացումը բավականին մեծ է լինելու. 180 դրամից դառնալու է 194,3 դրամ: Ինչքանո՞վ է Ձեզ համար դա արդարացված:

– Մի մոռացեք, որ արդեն երկար ժամանակ գազն էլ է թանկացել, էլեկտրաէներգիան էլ է թանկացել: Այդ էներգակիրների թանկացումը միշտ բերում է մուլտիպլիկատիվ էֆեկտի, բնական է, վաղ թե ուշ, ջուրը կթանկանար: Միշտ պետք է պայքարել սկզբնական թանկացումների դեմ: Երբ էներգակիրները թանկանում են, մնացածն ավտոմատ է լինում: Քանի տարի ջրի գինը գրեթե չի փոխվել, բայց էլեկտրաէներգիան թանկացել է, չպե՞տք է այդ նասոս օգտագործելու գինը թանկանա, դա չպե՞տք է ազդի ջրի վրա:

– Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ ջրի թանկացումը պայմանավորված է էներգակիրների թանկացումով:

– Իմ կարծիքով չէ, ես բերում եմ օբյեկտիվ օրենք:

– «Վեոլիա ջուրն» ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից, և պայմանագրում նշվում է, որ ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել, բայց այսօր նրանք պատրաստվում են այդ քայլին գնալ:

– Եթե նման խնդիրներ կան, դրա համար կան պետական կառույցներ՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովի, կառավարությանը, իրենք են պարտավոր այդ հարցերի համար պատասխան տալ, իրենք են ստորագրում պայմանագրերը, որոշում երկրի վաղվա օրը: Եթե կա նման բան, դա պայմանագրային պարտավորություն է, մենք հազար ու մի խելքից դուրս հանձնաժողով ունենք, թող զբաղվեն դրանով:

– Ձեր կարծիքով՝ ՀԾԿՀ-ն կբավարարի՞ այդ պահանջը՝ հաշվի առնելով նախորդ նախադեպերը գազի գնի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հետ կապված:

– Ես գուշակ չեմ, բայց ասում եմ՝ երբ երկրում էներգակիրները թանկանում են, նրանք բերում են գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների թանկացման: Հայաստանում կան համապատասխան պետական մարմիններ, որոնք պետք է հսկեն, վերահսկեն, գին սահմանեն, և այլն: Այսինքն՝ այդ հարցերով պետք է զբաղվեն այս կառույցները: Մյուս կողմից՝ քանի որ մենք բոլորս չգիտենք՝ ինչ երկիր ենք կառուցում, երբ դու չգիտես՝ ինչ երկիր ես կառուցում, դու չես կարող ասել՝ ջուրը 194 դրամ պետք է լինի՞, 180, թե՞ 550: Քանի որ 1991 թվականից մենք բոլորս՝ իշխանությունը, ընդդիմությունը, սովորական մարդիկ, լրագրողները լուրջ գործով չեն զբաղվում, երկիրը միշտ գահավիժելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս