Երուսաղեմի մուֆթին հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման մասին
Երուսաղեմի մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Մուհամմեդ Հուսեյնը հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման, և սրբավայրի տարածքում աղոթքների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հայտարարությունը կարող է նշանակել, որ տեղի արաբա-մուսուլմանական համայնքի կրոնական առաջնորդները Իսրայելի կողմից զիջումները բավարար են համարել:
«Իրավիճակը նորմալացել է: Մենք կաղոթենք Ալ-Աքսայում»,- ասել է Հուսեյնը:
Իսրայելը հեռացրել էր մետաղորսիչները, սակայն պնդում էր, որ անվտանգության պահպանման համար պետք է տեսախցիկները թողնել:
Իրավիճակը Երուսաղեմում կտրուկ սրվել էր հուլիսի 14-ից հետո, երբ երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի: Դրանից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի շրջանում գործի էին դրել անվտանգության լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև կառույցի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել:
Սրան հաջորդել էին պաղեստինցիների և իսրայելական ոստիկանների միջև մարդկային կորուստների հանգեցնող բախումներ: Իրենց տան մեջ սպանվել էին նաև երեք իսրայելցիներ: