Սպիտակ տունը կշարունակի աշխատել Կոնգրեսի հետ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու առթիվ
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության երկարացմանը եւ մտադիր է շարունակել Կոնգրեսի հետ փոխգործակցությունն օրինագծի առթիվ, որը նախատեսում է սահմանափակումների խստացում Մոսկվայի նկատմամբ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այս վարչակազմն արդեն հավանություն է տվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին՝ Ուկրաինայում նրա ագրեսիայի պատճառով, եւ մենք կշարունակենք աշխատել Կոնգրեսի հետ լրացուցիչ պատժամիջոցների առթիվ»,- նշել է նա:
Փոխնախագահը նաեւ հայտարարել է, որ Թրամփը ցանկացած դեպքում «հանդես է գալիս աշխարհում ԱՄՆ-ի շահերի առաջշարժման եւ ուրիշ պետությունների հետ փոխգործակցության օգին»:
Նա հիշեցրել է Սպիտակ տան տիրոջ դրքորոշումը, որ եթե ԱՄՆ-ը «կարողանա բարեկամական հարաբերություններ հաստատել ուրիշ երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ, դա լավ կլինի»:
«Եթե մենք ընդհանուր լեզու գտնենք ամբողջ աշխարհում մրցակիցների եւ նույնիսկ պոտենցիալ հակառակորդների հետ, ապա դա դրական (քայլ) կլինի»,- պնդել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: