Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ. ԱՀ գյուղնախարար
Այսօր տեղի է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա հակիրճ ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների և անելիքների մասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մամլո ասուլիսին Ա. Մխոյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին:
«Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ:
Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն, ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,-ասել է Ա. Մխոյանը: