Լիզինգային պետական աջակցության ծրագրով Հայաստանի գյուղատնտեսներին 65 միավոր գյուղտեխնիկա է վաճառվել
ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքում ներկայումս 65 միավոր գյուղատնտեսական տեխնիկա է վաճառվել գյուղատնտեսներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Գյուղատնտեսական տեխնիկայից 29-ը տրակտոր է, մնացածը այլ գյուղտեխնիկա: Այն տրամադրվում է տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, որից 7 տոկոսը պետության կողմից սուբսիդավորվում է»,- ասաց նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` լիզինգի պետական աջակցության ծրագիրը շարունակվում է և բավականին մեծ պահանջարկ կա: «Հայտերն անընդհատ ընդունվում են թե փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերից, և թե գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերից, ուստի գործընթացը շարունակվում է: Այս պահին ծրագրում ընդգրկված են 3 ֆինանսական կառույցներ` ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ-ն, Քարդ ագրո կրեդիտ ՈՒՎԿ-ն և «ԱԳԲԱ Լիզինգ»-ը»,- ասաց Մակարյանը: