«Սերժ Սարգսյանի այս արտահայտությամբ ամեն ինչ ասված է». Գառնիկ Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային կողմ լինելուն՝ ասաց. «Ներկա վիճակը շատ ավելի ձեռնտու է հայկական կողմին։ Մենք այդ հարցը կարող ենք բարձրացնել ցանկացած պահի՝ ամենախիստ տարբերակով։ Եթե  ճնշումները շատ մեծ լինեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դա տարբերակ է, որը միշտ կարելի է օգտագործել, և ցանկացած պահի Արցախը կարող է հայտարարել, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախի շահերը։ Ինչպես ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ն Արցախի փոխարեն չէ, այլ Արցախի կողքին է։ Այս արտահայտությամբ ամեն ինչ ասված է»։

Խոսելով այն հայտարարությունների մասին, որ Ադրբեջանը գտել է «Իսկանդերի» հակաթույնը՝ պարոն Իսագուլյանը նկատեց, որ, բնականաբար, Ադրբեջանի համապատասխան կառույցի ղեկավարներն ամեն ինչ անելու են սեփական ժողովրդին հանգստացնելու համար։

«Եթե ամեն ինչի այդքան լավ տիրապետում են, ապա ամենասովորական զինտեխնիկայով փոքրիկ մարտերի պարագայում պետք չէ, որ թաքնվեն իրեն քաղաքացիների թիկունքում։ Եթե  վստահ են, որ ունեն «Իսկանդերի» հակաթույնը, ապա թող սովորական ավտոմատ սարքերից իրենց ժողովրդին որպես վահան չօգտագործեն։ Հակաթույնը երևի իրենց ժողովուրդն է, որին պիտի քշեն առաջ։ Ադրբեջանը դրան սովոր է»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։

Անդրադառնալով Պուտին-Ալիև հանդիպմանը՝ բանախոսն ասաց, որ ցանկացած նման հանդիպում Հայաստանում ընկալում են շատ սուր, բայց ըստ Գ. Իսագուլյանի՝ վերջին հանդիպումն արդյունք չի տվել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք. «Դրանից առաջ Պուտինի արած հայտարարություններն Ադրբեջանի մասով, թվում է, թե շատ անմեղ էին, բայց պարզ երևում էր, որ Ադրբեջան-Ռուսաստան որոշակի հակասություններ կան, և այդ հակասություններն ամենաբարձր մակարդակում քննարկվում են»։

Գ. Իսագուլյանը հավատացրեց, որ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է հանդիպում Պուտինի հետ, այդ հանդիպումները շատ ավելի արդյունավետ են, շատ ավելի գործնական, թեև գուցե շատերի համար դա տեսանելի չէ։

«Վերջին շրջանում արտաքին քաղաքական ասպարեզում թե՛ ՀՀ նախագահը, թե՛ արտաքին գործերի նախարարը, թե՛ պաշտպանության նախարարը շատ ակտիվ քաղաքականություն են վարում, և դրա պտուղներն արդեն իսկ տեսանելի են։ Հավատացե՛ք՝ արտաքին քաղաքական խնդիրներում Հայաստանը շատ ավելի առաջ է»,- ասաց բանախոսը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս