Գառնիկ Իսագուլյանը՝ ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին, ասաց, որ այս դեպքում փակագծերը շատ պարագաներում ամբողջությամբ չի կարելի բացել։
«Այստեղ է, որ մեր քաղաքական շատ վերլուծաբաններ դրանից շատ հեռուն գնացող հետևություններ են անում։ Ես մի քիչ կարող եմ փակագծերը բացել. շատ դեպքերում դժվար է հասկանալ, որ ունենալով բավականին լուրջ ֆինանսական հնարավորություններ՝ Ադրբեջանն իսկապես հնարավորություն ուներ շատ երկրներից ռազմամթերք գնել և կիրառել, ընդ որում՝ շատ ավելի ժամանակակից։ Երբ մեր ռազմավարական գործընկերոջից՝ Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, որի մասին ասաց նաև ՀՀ նախագահն իր վերջին հարցազրույցներից մեկում, բայց հասկանալի է, որ նախագահը չի կարող բացել շատ լուրջ փակագծեր»,- նկատեց Գ. Իսագուլյանը։
Ըստ նրա՝ մենք էլ ենք Ռուսաստանից զենք գնում. «Ես կարծում եմ՝ դրանք լրիվ համարժեք են այն զենքին, որը գնում է Ադրբեջանը։ Բալանսը հօգուտ Ադրբեջանի չի փոխվում։ Երբ մենք այդ հարցը շատ սուր չենք դնում ՌԴ-ի առաջ, նշանակում է՝ այդ գործարքից մենք մեր փոխհարաբերություններում որոշակի արտոնություններ ստանում ենք»։
Բանախոսը նկատեց, որ Ադրբեջանն Իսրայելից ավելի շատ ռազմամթերք է գնում, քան Ռուսաստանից, ընդ որում՝ ըստ Գ. Իսագուլյանի՝ վերջին գործողությունների ժամանակ ավելի շատ օգտագործվել են հենց իսրայելական արտադրության զինատեսակներ։
«Մենք կարո՞ղ ենք ասել՝ ինչո՞ւ է Իսրայելը զենք վաճառում Ադրբեջանին. չենք կարող։ Նույն անօդաչու թռչունը, որ կարողանանք գնել Իսրայելից, կարող է գինն ավելի թանկ ասել, քան Ադրբեջանին, իսկ մենք Իսրայելին որևէ պահանջ ներկայացնել չենք կարող։ Ռուսաստանի պարագայում մենք ոչ միայն կարողանում ենք պահանջ ներկայացնել, այլև ստանալ որոշակի արտոնություններ»,- ասաց Գ. Իսագուլյանը։
Ռոզա Հակոբյան