ԵՄ-ն կոշտ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ. Հանի և Չավուշօղլուի ձայները լսվել են անգամ կողքի սենյակում
Եվրամիությունն ու Թուրքիան հուլիսի 25-ին Բրյուսելում նախարարական մակարդակով հանդիպում կունենան՝ քննարկելու ընդհանուր օրակարգային հարցեր, ինչպես նաև փորձելու իջեցնել այն լարվածությունը, որն առաջացել է երկկողմ հարաբերություններում Թուրքիայում ակադեմիկոսների, լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալության պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդիպմանը մասնակցելու են Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:
Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Հանը ցանկություն է հայտնել թուրքական կողմի հետ պայմանավորվածության գալ էներգետիկայի, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի հարցում բարձր մակարդակով երկխոսության շարունակման շուրջ:
ԵՄ հանձնակատարը նշել է, որ թուրքերի հետ բանակցությունները շատ կոշտ են լինում: Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ վերջին խոսակցությունը լսվել է անգամ կողքի սենյակում: «Մենք դրան չենք ձգտում, սակայն մենք էլ ենք մարդ, հետևաբար չենք կարող խուսափել զգայական ռեակցիաներից»,-ասել է նա:
Հանը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների լարման կապակցությամբ: