Կանզասի ազգային գվարդիայի բուժօգնության ու վտանգավոր նյութերի գծով մասնագետներն ուսուցում են անցկացնում Հայաստանի հրշեջների համար

Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով:  Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին են միացել Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ռազմաբժշկական կորպուսի և Բրիտանական բանակի 6-րդ հրաձգային գումարտակի ներկայացուցիչները: Մինչև հուլիսի 28-ը նրանք համատեղ դասընթացներ կանցկացնեն Շիրակի մարզի վեց հրշեջ-փրկարարական կայաններում:

Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի 14-ամյա համագործակցության ընթացքում առաջին անգամ է կյանքի կոչվում ռազմա-մարդասիրական նման նախաձեռնություն:

«Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի միջև ամուր ու կենսունակ հարաբերություններ են ձևավորված, և սա տեղի է ունենում հենց այդ գործընկերության շրջանակում: Սա փորձի փոխանակում է, որից օգտակար դասեր քաղելու ակնկալիքներ ունեն բոլոր ներգրավված կողմերը՝  հայաստանյան մասնակիցները, բրիտանացի բուժանձնակազմը և քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգների գծով մասնագետ զինծառայողները, կանզասցի գվարդիականները», – ասաց Կանզասի ազգային գվարդիայի օդուժի մայոր Դոնալդ Հարպերը, ով Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերության համակարգողն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:

Մայոր Հարպերը նշեց, որ այս ուսուցումը կատարելագործում է Հայաստանի հրշեջների կարողություններն առաջին օգնության ցուցաբերման հարցում, բարելավում վտանգավոր նյութեր ներառող պատահարներին արձագանքելու հմտությունները և նաև օգնում սերտացնել կապը Արտակարգ իրավիճակների նախարարության և հրշեջ-փրկարարական կայանների միջև:

Այս ուսուցման շնորհիվ հրշեջները ձեռք կբերեն բուժօգնություն ցուցաբերելու  հմտություններ, ինչը վերջերս Նախարարության կողմից ներառվել է նրանց առաջադրվող պահանջների շարքում: Այս հավելյալ կարողությունների միջոցով նրանք կկարողանան լրացնել տեղական ու կենտրոնական օղակի արձագանքման ծառայությունների աշխատանքը: Քանի որ հրշեջ կայանների համար դա նոր գործառույթ է, ուստի Կանզասի ազգային գվարդիան կայաններին կապահովի նաև բժշկական ու առաջին օգնության հիմնական պարագաների 1-ական փաթեթ:

Կանզասի գվարդիականների և Մեծ Բրիտանիայի բժշկական կորպուսի ներկայացուցիչների համար սա հնարավորություն է կիսել իրենց փորձն ու գիտելիքները, ընդլայնել իրենց աշխարհընկալումը և բարելավել թիմային մթնոլորտի ձևավորման, դասավանդման ու բանախոսական հմտությունները:

Հուլիսի 28-ին փորձի փոխանակման ու ուսումնական այս բազմակողմ նախաձեռնությունը կամփոփվի վարժանքով, որտեղ հայ հրշեջներն ի ցույց կդնեն այս 10 օրերի ընթացքում ձեռք բերած հմտությունները:

Տեսանյութեր

Լրահոս