«Մինսկի խումբը սպասարկում է կոնֆլիկտը՝ պահպանելով որոշակի խողովակի մեջ, նա չի լուծում հարցը». Աշոտ Մանուչարյան

«Մի բանաձև էր ընդունված Արցախի վերաբերյալ, երբ սկսվեց Արցախյան շարժումը, որ Արցախը պետք է ամեն ինչում լինի կատարյալ՝ նախագահական ընտրություններն այդ շարքի մեջ չի մտնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով օրերս Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին, որի արդյունքում երրորդ անգամ նախագահ վերընտրվեց Բակո Սահակյանը:

Նրա խոսքով՝ եթե դուք կատարելություն եք ամեն ինչում զարգացնում, որ աշխարհի բոլոր ժողովուրդները նայեն, ասեն՝ ինչ չքնաղ երկիր է, ինչ զարմանալի ժողովուրդ է, կար ժամանակ, որ այդպես էր, բայց՝ ոչ հիմա. «1988-ին, 89-ին, 91-ին, 92-ին, 95-ին, 97-ին  այդպես էր, հետո կամաց-կամաց մենք սկսեցինք այդ որակները կորցնել: Վերջին այս տարվա ընթացքում ինչ-որ միտումներ վերականգնելու այդ որակը տեսնում եմ, և դա ողջունելի է, բայց, ցավոք սրտի, չեմ կարող նախագահական ընտրությունները մտցնեմ այդ շարքի մեջ: Մեզ համար կարևորագույնը ոչ թե նա է, թե ինչ ձևով դա արվեց, այլ կարևոր է այն, թե ինչ է հիմա իրականացվելու: Արցախը պետք է ունենա սեփական քաղաքականություն»:

Ա. Մանուչարյանի խոսքով՝ Հայաստանում ոչ ոք ոչ մի ծրագիր Արցախի վերաբերյալ չի առաջարկել. «Մի ծրագիր կա, որը կոչվում է Մինսկի խումբ, որի շրջանակում պետք է իբր թե հարցը լուծվեր, այդ Մինսկի խումբը գործում է ուղիղ 25 տարի, և ակնհայտ է, որ ինքը հարցը լուծելու գործիք չէ, նա սպասարկում է կոնֆլիկտը՝ պահպանելով որոշակի խողովակի մեջ, նա չի լուծում հարցը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս