Ըստ քեզի՝ հնարավո՞ր է 18.000 նպաստով ապրել. գյումրեցին փակեց Կարեն Կարապետյանի ճանապարհը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 20-ին Գյումրի այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ քայլում էր Խրիմյան Հայրիկ փողոցով՝ դեպի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղ, նրա ճանապարհը փակեց գյումրեցի սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող մի տղամարդ և դժգոհեց իր սոցիալական վատ վիճակից:
«Ինչքա՞ն պտի ապրին էս վիճակով: Երկու երեխա ունիմ, ես հիվանդ եմ, կռնա՞մ էս վիճակով ապրիմ: Ըստ քեզի՝ հնարավո՞ր է 18 հազար նպաստով ապրել: Դեղորայքով ապրող, հիվանդ տղա եմ»,- ասաց տղամարդը և վարչապետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զրկված է մեկ ոտքից:
«Առաջարկ»,- գյումրեցու բողոքը լսելուց հետո, հակիրճ հարցրեց Կարեն Կարապետյանը: «Առաջարկում եմ, որ մե քիչմ էլ մեզի աջակցեք, մենք էլ մեզի մարդ զգանք: 26 թվի սարքած տան մեջ կապրիմ»,- նշեց գյումրեցին:
«Դուք սոցիալապես անապահովների խմբում կա՞ք: Որքա՞ն են Ձեզ վճարում»,-հետաքրքրվեց կառավարության ղեկավարը: «18 հազար նպաստ և 17 հազար թոշակ եմ ստանում, պարոն վարչապետ»,- եզրափակեց աղքատ գյումրեցին։ «Շատ լավ, Լևոնին դիմեք, նա կզբաղվի»,- ասաց վարչապետը և մատնացույց արեց իր օգնականին:
Հետաքրքիրն այն է, որ վարչապետին սոցիալական խնդրով տարբեր փողոցներում գյումրեցիներն անհանգստացրին, ոմանք հետաքրքրվեցին իրենց անբարեկարգ փողոցի ճակատագրով: Սրան զուգահեռ, ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակաբար կրկնում էր, որ Գյումրին հիանալի քաղաք է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։