Բաժիններ՝

«Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում». Լապշինի փաստաբանը խոսել է իր պաշտպանյալի արտահանձնման հնարավորության մասին

Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգերի Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում, մասնավորապես Իսրայելում, Ռուսաստանում և Ուկրաինայում, քանի որ նա այդ երեք երկրի քաղաքացի է: Դա թույլ են տալիս միջազգային կոնվենցիաները»,- ասել է փաստաբանը: Նա ընդգծել է, որ պաշտպանությունը հետագա քայլերը կձեռնարկի բլոգերի հետ համաձայնեցման արդյունքում:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս