«Միևնույն է՝ ՀՀԿ-ն է լինելու իշխող ուժը, անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ». Արտակ Կիրակոսյան

Հարցազրույց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում 2018-ի խնդիրների մասին խոսելիս՝ ասաց, որ բոլորովին կարևոր չէ, թե ով է լինելու վարչապետը։ Իսկապե՞ս այդ հարցը կարևոր չէ։

– Գլոբալ իմաստով՝ ավելի պակաս կարևոր է, քան այլ հարցերը։ Ամենամեծ խնդիրը զարգացման տեսլականն է, որն այսօր հանրությունը չի ընկալում։ Այն տարբերակը, որ գործող վարչապետն է առաջարկում, ուղղված է Հայաստան խոշոր ներդրողներ բերելուն, որը կարող է ինչ-որ իմաստով տնտեսական աճ ապահովել՝ ՀՆԱ տեսքով և այլն, բայց կարող է որևէ ազղդեցություն չուենալ գործազրկության հարցում, կամ կարող է նույնիսկ բացասական ազդեցություն ունենալ։ Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ, ըստ էության, չի երևում, թե հանրության, հասարակության դերն ինչ է լինելու տնտեսության զարգացման մեջ։

Նույնիսկ աշխատատեղերի ավելացման խնդիրը, կարծես, չկա ո՛չ ՓՄՁ-ում, ո՛չ այլ տեղ։

Այսինքն, իմ ընկալմամբ, խոսքը գնում է ինչ-որ օլիգարխների ակումբի ստեղծման մասին, որոնք փողեր կբերեն Հայաստան ու դրանով կաշխուժացնեն մեր ընդհանուր տնտեսությունը։ Ես կարծում եմ՝ այդ տեսլականն այն չէ, որին մարդիկ սպասում են։ Բայց եթե դա է կառավարությունը պատկերացնում, այնուամենայնիվ չի ներկայացվում այնպես, որ ոգևորություն առաջացնի։

Այդ իմաստով ես նախագահի խոսքերի հետ լիովին համաձայն եմ։ Միևնույն է՝ ՀՀԿ-ն է լինելու իշխող ուժը, անկախ՝ թե ով կլինի վարչապետ։ Իսկ Հանրապետականը զարգացման տեսլական չի ներկայացնում։

– Սերժ Սարգսյանը մի դիտարկում արեց, որ կառավարությունը ոչ թե խոստացել է, այլ նպատակադրել է ինչ-որ ցուցանիշների հասնել, և, եթե ասվել էր, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի, բայց չի կրկնապատկվել, այլ 1.7 անգամ է աճել, ընդամենը 0.3 անգամ չի կատարվել ասվածը։ Նման մոտեցումն ընդունելի՞ է։

– Հարցն այն է, որ կարճաժամկետ հեռանկարում մարդիկ կարող էին ընդունել, որ ինչ-որ բան չստացվեց, որովհետև համաշխարհային ճգնաժամ էր, Ռուսաստանում շատ խնդիրներ կան, որի հետ մեր տնտեսությունը շատ կապված է, ԵՄ մեր արտահանումը հիմնականում հանքահումքային նյութերն են, որոնց գներն ընկել են… ամեն ինչ կարելի է բացատրել, բայց խնդրիրն այն է, թե ո՞րն է մեր զարգացման ծրագիրը, ո՞րն է այն տեսլականը, որ մարդկանց պետք է հույս տա, որ՝ ոչինչ, դժվար է, ավելի դժվար ժամանակներ ենք ապրել, կարելի է դիմանալ, պայքարել, աշխատել և հետո ունենալ այլ իրավիճակ։ Ցուցանիշները ոչ մեկին չեն ոգևորում, 3% ավել կամ պակասը մարդկանց ոչ մի բան չի ասում։

– Եվ մարդկանց կենսամակարդակը դրանից չի փոխվում։

– Կենսամակարդակի հարցը շատ բարդ է։ Մեր վիճակագրական ծառայությունն էլ վստահելի չէ՝ անկո՞ւմ ունենք, թե՞ աճ։ Եթե նայենք, մեր շրջապատում կենսամակարդակի կտրուկ անկում չկա։ Ըստ էության, մենք տեղեկատվությունը 2 ձևով ենք ստանում, մեկը՝ հարազատ բարեկամներից՝ մեր դիտարկումներով, երկրորդը՝ սոցցանցերից, լրատվական աղբյուրներից, իսկ վերջինը բոլորովին օպտիմիզմի տրամադրող չէ։ Նախագահն ասում էր՝ «գաղջ մթնոլորտ», և դա բացարձակ չեն ցրում։ Կարծես անցած տարվա ապրիլից հետո մի քիչ արթնացան, փորձեցին իրավիճակը փոխել, բայց հիմա սովորականի պես շարունակվում է, տեսնենք՝ ինչ է լինելու։

– Եթե ամեն դեպքում կառավարությունն իր նպատակադրած ցուցանիշները չի կատարում, հրաժարական է տալիս, գալիս է նոր կառավարություն, որը ներկայացնում է նույն քաղաքական ուժը, ինչ նախորդը, հասարակությունը կարո՞ղ է սպասել փոփոխությունների այս պայմաններում։

– Նույն ուժ ասվածն ըստ էության ոչինչ է, քանի որ այդ ուժը շատ ամորֆ է։ ՀՀԿ-ն հստակ ուղեցույցներ չունի։ Խնդիրներից մեկը, որ հայտնի է, բիզնեսի և իշխանության սերտաճումն է, և ամեն նորեկ, հատկապես՝ դրսից, հույս է առաջացնում, որ ինքը համակարգից դուրս կլինի և կթողնի, որ մրցակցային իրավիճակ ստեղծվի, հեռանկար լինի, և այլն։ Կարծում եմ, նույնիսկ, եթե այս կառավարութունն էլ տապալվի, դրսից մեկ ուրիշի բերեն, ինչ-որ ժամանակ փոփոխության հույսեր կլինեն։

Բայց ոչ միայն այս կառավարության, ըստ էության, բոլոր կառավարությունների խնդիրն այն է եղել, որ տեղական արտադրողի կամ հանրության վրա հույս չեն դնում, հույսն ավելի շատ դրսից ֆինանսական աղբյուրներ գտնելու վրա է, ինչպես Տիգրան Սարգսյանն էր անում, կամ Կարեն Կարապետյանի պես՝ խոշոր բիզնեսներ բերել, կամ Հովիկ Աբրահամյանի պես՝ տեղական օլիգարխներին օգնել, որ ավելի վստահ զգան շուկայում։

Այդ բոլոր ծրագրերի մեջ հանրության մասնակցությունը՝ որպես տնտեսվարող, չի երևում։ Ու դրանից էլ գալիս է մարդկանց հիասթափությունը, «յոլա գնալը» կամ մի կողմ քաշվելն և իրենց գործն անելը։

– Այսինքն՝ ստացվում է, որ կառավարություններն ի սկզբանե դատապարտված են ձախողման, եթե չեն հենվում հանրության վրա։

– Դա իմ համոզմունքն է։ Մենք ունենք ժողովրդավարական էլեմենտներ այսօրվա իշխանությունում, պետությունում, բացի մի շատ կարևորից՝ մարդկանց մասնակցությունն ու մարդկանց հետ հաշվի նստելը, հանրությանը որպես գործընկեր դիտելը, ոչ թե՝ որպես հպատակ, որը պահանջներ ունի, մի կերպ պետք է դրանք բավարարել, կամ խաբել, կամ այլ բան։ Այսինքն՝ հասարակությունը շահառու է դիտվում, և դա սկսվել է մեր անկախության տարիներից։

Տեսանյութեր

Լրահոս