Ռուսական քարոզչությունն ուժգնանում է աշխարհում

Ռուսաստանի կառավարությունը սկսել է լրջորեն ֆինանսավորել միջազգային ռադիո-հեռուստատեսային որոշ կայաններ, կառավարության խոսքերով, լուրերի այլընտրանքային հոսք ապահովելու համար։ Եվ փաստն այն է, որ այս հաղորդումների լսարանն աստիճանաբար ընդարձակվում է Եվրոպայում, ԱՄՆ-ում ու աշխարհի այլ հատվածներում։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հուլիսի 1-ից ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանն իր հաղորդումները սկսեց եթեր արձակել նաեւ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից։ Ինչպես փորձագետներն են ասում՝ Ռուսաստանի կառավարության քարոզչություն անցկացնելու համար։

Հյուսիսային Քարոլինայի համալսարանի Միջազգային անվտանգության հարցերով պրոֆեսոր Պետեր Ելցովը վերջերս «Սպուտնիկ»-ի հյուրերից մեկն էր, ում հետ հարցազրույցն անցկացվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Նրա խոսքերով, գովեստի է արժանի այն փաստը, որ հարցազրույցները «Սպուտնիկ»-ը չի խմբագրում։

«Սակայն հարցազրույցի ընթացքում ընդհանուր դիրքորոշումը եւ հարցերը հարյուր տոկոսով ներկայացնում են Կրեմլի դիրքերը, լինի նախկին Խորհրդային Միության, Ուկրաինայի, թե Հարավային Կովկասի, կամ Եվրոպայի մասին։ Ընդհանուր առմամբ կարծես լսում ես Պուտինի խոսնակին»։

«Սպուտնիկ»-ի Բելգրադում գտնվող կայանը շատ ժամանակակից է ու գտնվում է քաղաքի հենց կենտրոնում։

Ինչպես Ելցովն է ասում. «Պատմական հին քաղաքում է գտնվում կայանը, իր գեղեցիկ տաղավարներով, լավ ֆինանսավորմամբ, մի քանի լեզուների տիրապետող մեծաթիվ անձնակազմով»։

Միայն RT հեռուստակայանի հաղորդումները հասանելի են 1ՕՕ երկրներում։ Բացի անգլերենից, այն հաղորդումներ է միջազգային ցանցով թողարկում նաեւ արաբերենով ու իսպաներենով։ Սակայն ե՛ւ «Սպուտնիկ»-ը ե՛ւ RT-ն հաճախ են ենթարկվում քննադատության ոչ էթիկական գործունեության համար։ Հիշեցնենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի այն խոսքերը, որոնց համաձայն, այդ կայանները փորձել են լսարանի վրա ազդեցություն գործել հօգուտ իր մրցակից Մարին լե Պենի։

«Նրանք իմ ու իմ ընտրարշավի մասին են ներկայացրել ճշմարտությանը հակասող նյութեր»,- ասել է Մաքրոնը։

Սակայն «Սպուտնիկ»-ի խմբագիրներն ասում են, թե իրենց նպատակն ավանդական տեղեկատվությունից զատ հավելյալ տեղեկություններ հաղորդելն է։
RT-ն հարցազրույցներ է անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ու քաղաքական այն գործիչների հետ, ովքեր քննադատական դիրքորոշում ունեն Եվրամիության նկատմամբ։ Նրանցից են բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նայջըլ Ֆարաջը, եւ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Առաջին հաղորդումներից մեկի հյուրն է եղել Հեզբուլլահ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալահը։

Նման հյուրեր հրավիրելու ու այդ ոճով հաղորդումներ պատրաստելու փորձառությունը նկատելիորեն մեծացնում է լսարանն ամբողջ աշխարհում։

Իհարկե վնաս չկա այլընտրանքային տեսակետներ լսելուց։ Սակայն չկա այնքան ժամանակ, ասում են վերլուծաբանները, քանի դեռ չգիտես, թե ով է այդ տեսակետները ներկայացնելու համար մուծում գումարներ։

Տեսանյութեր

Լրահոս