Բաժիններ՝

Փոքրիկ երեխայի դին հայտնաբերվել է Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում. դաստիարակչուհին դատապարտվել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մանկապարտեզի դաստիարակչուհին մեղավոր է ճանաչվել անզգուշությամբ մահ պատճառելու մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ինչ մեղադրանք է առաջադրվել դաստիարակչուհուն

Դաստիարակչուհուն ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Ալավերդու նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ որպես դաստիրակ, պարտավոր լինելով պահպանել երեխաների կյանքը, ի պաշտոնե հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի ու առողջության համար կրելով անձնական պատասխանատվություն, պարտավորված լինելով իրականացնել հոգածություն և մանրազնին հսկողություն իրեն վստահված երեխայի նկատմամբ հաստատությունում և զբոսանքային վայրերում, ցուցաբերել է հանցավոր անգործություն և անփութություն:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի փետրվարի 14-ին` ժամը 09:30-ի սահմաններում, 2013 թ. ծնված երեխան անուշադրության է մատնվել, ինչի արդյունքում դուրս է եկել հաստատության շենքից, ապա՝ տարածքից, և գնացել նախադպրոցական ուսումնական հաստատությունից շուրջ 300 մետր հեռավորությամբ հոսող Դեբեդ գետը: Երեխայի դին նույն օրը` ժամը 10:30-ի սահմաններում, հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում:

Երեխայի մահվան անմիջական պատճառն է հանդիսացել շնչուղիների հեղուկներով` ջրով փակման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունը:

Արագացված դատաքննություն

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան, նրա նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ նա ընդունել է առաջադրված մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել կատարած հանցանքի համար և միջնորդել կիրառել դատաքննության արագացված կարգ, տուժողը նրանից բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է՝ առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, և նպատակահարմար է գտել նրա նկատմամբ կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս