«Ռուսաստանը կարոտած է իր նախկին՝ կայսերական վիճակին». Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ուղղակի ծիծաղելի է համարում Հայաստանում ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու օրենքով ամրագրելու մասին առաջարկը։ Ընդհանրապես, ըստ նրա, վարորդական իրավունքի խնդիրները միջազգային իրավունքով են կարգավորվում, մասնավորապես՝ կա 1968թ. Վիեննայի համաձայնագիրը, որը Ռուսաստանը ստորագրել է, կա 1949թ. Ժնևի համաձայնագիրը։
Ռուսաստանում աշխատող հայերի համար, հիշեցնենք, օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքի պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու համար ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել՝ որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:
«Վարորդական միջազգային իրավունքն աշխատում է։ Անկախ ամեն ինչից, պետությունը կարող է սահմանափակումներ դնել որոշ բաների վրա, բայց դա պատճառ դարձնել լեզվի մասին խոսելու, ինձ թվում է՝ անհեթեթություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վ.Մանուկյանը։
Թե ինչո՞ւ է ՌԴ-ն ԵԱՏՄ մյուս պետությունների մեջ խտրականություն դրսևորում Հայաստանի հանդեպ և պահանջում պաշտոնական լեզու դարձնել ռուսերենը, Վ.Մանուկյանը նշեց, որ ոչ թե Հայաստանին է առանձնացնում, այլ ուղղակի Ռուսաստանը «կարոտած է իր նախկին՝ կայսերական վիճակին», և այստեղ լեզուն շատ կարևոր նշանակություն ունի։ Նրա կարծիքով՝ ուժի վկայություն չէ, որ ՌԴ-ն փորձում է այդպես արհեստական պատճառներով իր լեզուն պաշտոնական դարձնել մեր երկրում.
«Եթե Ռուսաստանը դառնա զարգացած մեծ պետություն, մյուս ժողովուրդներն էլ, իհարկե, կսովորեն այդ լեզուն, ռուսերենը կդառնա հաղորդակցման կարևորագույն միջոց, բայց հիմա իրենց արածն արհեստական է։ Ես չեմ կարծում, որ այդ մեծ պաշտոնյայի դիրքորոշումը համընկնում է ընդհանուր Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Բայց ամեն տեղ պետք չէ փնտրել հատուկ մեր դեմ ուղղված ինչ-որ բան։ Մենք մտել ենք մի խաղի մեջ, որտեղ մեր պետությունը, ճիշտ է, համեմատելի չէ Ռուսաստանի հետ, իր ռազմական և տնտեսական հզորությամբ, բայց իրավական տեսակետից մենք հավասար պետություններ ենք և այդ պատճառով ենք մտել։ Եվ պետք է կարողանանք մեր շահերը պաշտպանել այդ միջավայրում, անընդհատ չասել, որ իրենք մեծ են, ուրեմն ինչ ասում են՝ ճիշտ է»։
Վ.Մանուկյանի կարծիքով՝ գուցե տրամաբանական է ենթադրությունը, որ Հայաստանի վրա տարբեր ձևով ճնշումներ գործադրելը կապված է ապագա ԵՄ-ՀՀ համաձայնագրի հետ, սակայն, նշեց նա, երկու երկրների հարաբերություններն այնպիսին են, որ երկրի ղեկավարները կարող են դրա մասին շատ ավելի ազատ խոսել, ոչ թե երկրորդական ձևերով փորձեն ճնշումներ գործադրել։
Վ.Մանուկյանը համաձայնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն այսօր ամենացավալի հարցն է հայ-ռուսական հարաբերություններում։ Թե ի՞նչ ելք կա այս հարցում, նախկին վարչապետը նշեց, որ որևէ լուծում չի դիտարկվում, որովհետև ընդհանրապես կռվող կողմերին զենք տալը, եթե միաժամանակ տվյալ պետությունը մասնակցում է խաղաղ բանակցություններին, անհասկանալի է. «Իսկ դատողությունը, թե մենք չտայինք՝ ուրիշը կտար, նույնն է, ինչ «Իսլամական պետության» համար ասել՝ ես չտամ, ուրիշը կտա, և զենք տալ։ Սա զավեշտի է հասնում»։