Բաժիններ՝

Հայտնի են «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի հաղթողների անունները

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Երեկոն նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ: Մրցանակների հանձնման արարողությունն իրրականացվեց Կոմիտասի ստեղծագործությունների ներքո:

Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին:

Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ «Անկաշառը» կինոնկարը, ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆ (Իրան):

Միջազգային խաղարկային մրցույթում ոսկե ծիրան-ի արժանացավ «Ցանկալի Դուրգան» կինոնկարը, ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):

Արծաթե ծիրանը տրվեց «Արաբիա» կինոնկարին, ռեժիսոր Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Վեսթերն» ժապավենը, ռեժիսոր Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա):

Միջազգային վավերագրական մրցույթում ոսկե ծիրանի արժանացավ «Ուրվականների որս» ֆիլմը, ռեժիսոր Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/ Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար):

Արծաթե ծիրանը հանձնվեց «Դերդո մայրիկը և ընկուզենին» կինոնկարին, ռեժիսոր Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Գյուղացիներ» ֆիլմը, ռեժիսոր Ցվետան Դրագնև (Բուլղարիա):

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ոսկե ծիրանը հանձնվեց խաղարկային «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին, ռեժիսոր Քրիս Ավետիսյան (ԱՄՆ):

Ժյուրիի հատուկ հիշատակում դեբյուտային դերակատարման համար արժանացավ երիտասարդ և խոստումնալից դերասան Սամվել Թադևոսյանը, «Կյանք ու կռիվ» ժապավենում Տիգրանին մարմնավորելու համար, ռեժիսոր Մհեր Մկրտչյան (Հայաստան):

Լավագույն վավերագրական կինո ճանաչվեց և ոսկե ծիրանի արժանացավ «Ձյուն կար» ֆիլմը, ռեժիսոր Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/ Հայաստան/Լիբանան):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Օրիժին» կինոնկարը, ռեժիսոր Աշոտ Մկրտչյան (Հայաստան):

Լավագույն կարճամետրաժ ժապավեն համարվեց և ոսկե ծիրանի արժանացավ «Ջրի երեսին մնալ» ֆիլմը, ռեժիսոր Էրիկ Շահինյան (ԱՄՆ):

«Փառատոնի շրջանակում մի քանի ֆիլմ եմ դիտել և պետք է ընդգծեմ, որ «Ոսկե ծիրանն» իրական երևակայական հրավառություն էր, և նրանք, ովքեր չհաղորդակցվեցին փառատոնին, շատ բան կորցրեցին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և հավելեց, որ հաջորդ տարի մենք կունենանք ֆիլմարտադրության նոր մոդել. ծրագիրը քննարկվել է բոլոր կինոարտադրողների հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով` կինոյի բոլոր օջախները պետք է բռունցք դառնան ու համատեղ աշխատեն Հայաստանում ֆիլմարտադրությունը զարգացնելու նպատակով: «Պետք է միասին գործել, այլ ոչ իրար դեմ»,-շեշտեց նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս