Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգը
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այսօր հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը:
Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ հունիսի 27-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Խորհրդի անդամները հավանություն էին տվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին: Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:
Հայեցակարգի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը հանձնարարել էր ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման: