Աֆգան Մուխթարլիի սկանդալը՝ վրաց-ադրբեջանական եղբայրական հարաբերությունները քայքայելու փորձ է. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլիի ձերբակալման գործում՝Ադրբեջանի պաշտոնական տեսանկյունը խստորեն տարբերվում է Մուխթարլիի փաստաբանի ներկայացրած տեղեկությունից: Արդյո՞ք լրագրողն ու քաղաքական ակտիվիստը ինքնուրույն է հատել վրաց-ադրբեջանական սահմանը:

Ըստ «Human Rights Watch» մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպության, մեկ ամիս առաջ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆգան Մուխթարլին պարզապես անհետացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից: Լրագրողը Ադրբեջանից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ է բնակվել 2015 թվականից ի վեր և իր անհետացման օրը զանգահարել է կնոջը և ասել, որ հաց է գնել և տուն է գնում: Սակայն այդպես էլ տուն չի հասել:

Կազմակերպության տվյալներով, դրանից մոտ 24 ժամ հետո նա հայտնվել է վրաց-ադրբեջանական սահմանին, որտեղ վերջինիս մեղադրել են անօրինական կերպով սահմանը հատելու, մաքսանենգության և իշխանություններին դիմակայելու մեջ:

«Ամերիկայի Ձայն»-ի վրացական ծառայության լրագրողի հետ հարցազրույցում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը պարզաբանել է Մուխթարլիի ձերբակալման շուրջ Ադրբեջանի պաշտոնական տեսանկյունը:

Նա ասում է,- «Չեմ կարծում, թե պարոն Մուխթարլիին կարելի է լրագրող կոչել, ես տեղյակ չեմ նրա լրագրողական գործունեությունից: Ադրբեջանի սահմանային ծառայությունը ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացուն՝ Վրաստանից Ադրբեջան սահմանը անօրինական կերպով հատելու համար: Մեր կարգի համաձայն, նրան ձերբակալել են հետաքննության և նրա կողմից անօրինական կերպով սահմանը հատելու պատճառը պարզելու նպատակով: Մենք տեղյակ չենք, թե կոնկրետ ինչ է պատահել Վրաստանի կողմում, սակայն գիտենք, որ մեր սահմանը հատվել է անօրինական կերպով, առանց սահմանապահներին զգուշացնելու: Դա է իրողությունը»:

Սակայն լրագրողը իր փաստաբանին ասել է, թե վրացական ոստիկանական համազգեստով, վրացերեն խոսող ինչ որ մեկը Թբիլիսիում իր տան մոտ իրեն կանգնեցրել է, գլխին պարկ քաշել, հրել ավտոմեքենայի մեջ և ողջ ճանապարհի ընթացքում հարվածել իրեն:

Ըստ Էլին Սուլեյմանովի, այս ամենը պարզապես վրաց-ադրբեջանական երկարատև եղբայրական հարաբերությունները քայքայելու մի փորձ է, որը իր կարծիքով, կձախողվի:

Նա ասում է,- «Անհատի կողմից անօրինական կերպով սահմանը հատելու համար անտեղի սկանդալ ստեղծելը և դա որպես քաղաքական խնդիր ներկայացնելը ակնհայտորեն Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր հարաբերությունները թուլացնելու փորձ է: Սակայն թույլ տվեք ասել, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև սեպ խրելու բոլոր ջանքերը կխորտակվեն: Ադրբեջանն ու Վրաստանը հինավուրց ժողովուրդներ են, մենք կողք կողքի ապրել ենք երկար ժամանակ, մենք ավելին ենք քան հարևանները, մենք քույրեր և եղբայրներ ենք: Եվ այդ համագործակցությունը պետք է խորանա և դառնա ավելի ամուր»:

Այս կապակցությամբ Եվրախորհրդարանը հրատապ բանաձև է ընդունել, որը խստորեն դատապարտում է Մուխթարլիի ձերբակալությունը Ադրբեջանում, միաժամանակ Վրաստանին կոչ անելով հետաքննություն անցկացնել և քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործներին:

Տեսանյութեր

Լրահոս