Թուրքիայի վարչապետը հավանական չի համարում երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավանական չի համարում երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձի իրականացումը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
«Նման իրավիճակի մասին խոսք գնալ չի կարող: Սակայն եթե որևէ մեկը որոշի նման հիմարություն անել, այս անգամ շատ ավելի մեծ գին կվճարի»,- ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ գյուլենականների դեմ պայքարը դեռևս չի ավարտվել և որ դատական գործընթացների ժամանակ կարող են նոր մանրամասներ ի հայտ գալ:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: