«Մերժվածը» սերիալի Վանշը կգա Հայաստան. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հնդկական «Մերժվածը» հեռուստասերիալի Վանշը՝ Ռոհիթ Խուրանան, պատրաստվում է Հայաստան իր այցին: Այս մասին նա հայտնեց armtimes.com-ին: Այստեղ առաջին հերթին հանդիպելու է իր երկրպագուներին:
«Հուսով եմ՝ շուտով կլինեմ Հայաստանում: Ցանկանում եմ հանդիպել երկրպագուներիս, տեսնել երկիրը: Չգիտեմ՝ որքան ժամանակ կմնամ այդտեղ, դա կախված կլինի իմ գրաֆիկից, ամեն դեպքում ամենաքիչը 5 օր կմնամ»,- ասաց նա:
Նրա այցը նաև գործնական նպատակներ ունի: Armtimes.com-ի հետ իր նախորդ զրույցում դերասանը նշել էր, որ հայկական որեւէ նախագծում հանդես գալու ցանկություն ունի: Հիմա այդ ցանկությունը, կարծես թե, աստիճանաբար իրականանում է:
«Բանակցություններն ընթացքի մեջ են: Չեմ ցանկանում պատմել՝ ինչի մասին է խոսքը, որպեսզի չփչացնեմ անակնկալը»,- ասաց նա: Այս շրջանում Ռոհիթ Խուրանան որևէ նախագծում չի աշխատում: Ուսումնասիրում է նոր առաջարկները»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։