Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար միջոցառումների ծրագիր է մշակվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը շարունակում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը։ Վաղը կառավարության նիստում նախատեսվում է հավանություն տալ Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին։
Կառավարության ծրագրի «Ներդրումների պաշտպանություն և խրախուսում» բաժնում ամրագրված է՝ «Գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017թ. արդյունքներով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կհանգեցնեն ՀՀ դիրքի բարելավման՝ առնվազն 4 կետով:
Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման կողմնորոշիչ շրջանակը ձևավորվել է երկրի համար համեմատաբար առավել խնդրահարույց և/կամ խոցելի ցուցանիշների հիման վրա, որի շուրջ հանրապետական գործադիր մարմիններից ստացված առաջարկություններով մշակվել է միջոցառումների ծրագրի նախագիծը:
Այն ներառում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակների սահմանում, պետական գույքի օգտագործման բարելավում, պետություն-մասնավոր գործընկերության համար իրավական հիմքերի ապահովում, դատական համակարգի ներքին և արտաքին անկախության երաշխիքների սահմանում, ճանապարհների որակի բարելավում, ՀՀ ավիացիոն շուկայի ազատականացում, հավասար մրցակցային դաշտի ապահովում, բանկային համակարգի կայունության ամրապնդում, երեխաներին կրծքով սնուցման կազմակերպման պատշաճ գործելակերպի ներդրում` ուղղված նրանց առողջ աճի և զարգացման ապահովմանը, և այլն։