Ուկրաինայի նախագահի սենսացիոն հայտարարությունը՝ երկիրը սկսում է ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթաց

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սենսացիոն հայտարարություն է արել՝ երկիրը սկսում է ՆԱՏՕ-ի անդամակցության բանակցային գործընթացը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բանակցությունների պաշտոնական սկիզբը նշանավորվեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցելությամբ: Կիեւում Սթոլթենբերգը վերահաստատեց դաշինքի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ.

«ՆԱՏՕ-ն միանշանակ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Ուկրաինայի նախագահի խոսքով, իր երկիրը դեռեւս լիարժեք չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին: Երեք տարի անց, 2020 թվականին, Ուկրաինայի իշխանությունները մտադիր են հասնել նշված նպատակին, ավելացնում է Պորոշենկոն: Այսօր, սակայն, Կիեւի առաջնահերթ նպատակն է հակազդել ռուսական ագրեսիային.

«Մեր հրատապ խնդիրն է եվրա-ատլանտյան անվտանգության պահպանությունն ու վերականգնումը, որի հիմքերը խարխլվել են Ռուսաստանի կողմից»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համաձայն է, որ Ռուսաստանի ներխուժումը Արեւելյան Ուկրաինա լուրջ խնդիր է հանդիսանում, եւ Կիեւին է խոստանում դաշինքի աջակցությունը.

«Այդ հակամարտությունը շարունակում է մարդկային կյանքեր խլել: Պատերազմի արդյունքում սպանվել է ավելի քան 10,000 մարդ, այդ թվում՝ 3,000 քաղաքացիական անձինք: Հրադադարը ակնհայտորեն չի գործում»:

Ուկրաինան եւ Արեւմուտքը շարունակում են Ռուսաստանին մեղադրել Ուկրաինայի Արեւմտյան շրջաններում անջատողականներին հովանավորելու, նրանց զենքեր տրամադրելու մեջ: Մոսկվան սակայն հերքում է բոլոր մեղադրանքները:

Տեսանյութեր

Լրահոս