Իջևանում 30-ամյա տղամարդը սպանել է աներոջը՝ կնոջ և մոր մասին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու համար
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 30-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել սպանության կատարման մեջ։ Դատարանը վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակել է ազատազրկում 10 տարի ժամկետով։
Ինչ մեղադրանք է առաջադրվել
30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ջրամբարի հարակից հանդամասում իր մոր և կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել Իջևանի բնակչի հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանով կրակել է նրա որովայնի և կրծքավանդակի շրջաններին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Ինչ է ասել ամբաստանյալը
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ամուսնությունից հետո կնոջ ծնողները հաճախակի են խառնվել իր ընտանեկան հարաբերություններին, աներն իր մոր և կնոջ հասցեին վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել, որի պատճառով երկու ընտանիքների միջև հաճախակի են անխորժություններ, վիճաբանություններ առաջացել: Շրջանառվող խոսակցություններից լսել է, որ աները տարբեր մարդկանց մոտ մի քանի անգամ իր կնոջ և մոր հասցեին անպարկեշտ և վարկաբեկիչ արտահայտություններ է արել: Նախկինում մի քանի անգամ փորձել է աներոջը զգուշացնել, սակայն ջանքերն ապարդյուն են անցել, որից հետո որոշել է նրան վախեցնել:
Դեպքի օրն առավոտյան շուտ արթնացել է ընտանի կենդանիներին կերակրելու համար և այդ ժամանակ տեսել է աներոջը, նրան բարևել է, սակայն բարև չի առել, որից հետո նրան ասել է, որ սպասի, խոսելու բան ունի: Դրանից հետո մտել է տուն, ընտանիքի անդամները քնած են եղել, վերցրել է հրացանը, գնացել է աներոջ հետևից և վերը նշված հարցի պարզաբանման շուրջ վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում աները չի հերքել իր կողմից նման արտահայտություններ անելու հանգամանքը, ավելին, ասել է, որ իր խոսքերը ճիշտ են:
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն ասել է, որ դրանից հետո ինքը վախեցնելու նպատակով մոտ 7-8 մետր հեռավորությունից հրացանի փողն ուղղել է նրա վրա, նրան ասել է, որ, եթե մի անգամ էլ խառնվի իր ընտանիքի գործերին, այդ զենքով կկրակի, և որպեսզի իր խոսքերը տպավորություն թողեն նրա վրա, ցուցամատը դրել է առջևի ձգանին, միջնամատը՝ երկրորդ ձգանին, և հաջորդաբար, մեկը մյուսի հետևից քաշել է ձգանները՝ ասեղի հարվածի ձայնը լսեցնելու համար: Իր համար շատ անսպասելի երկու կրակոցներ են արձակվել: Դրանից հետո ականջներում խշշոց է լսել, չի հիշում՝ ինչքան ժամանակ է այդպես մնացել, որից հետո վազելով փախել է դեպի անտառ: Երբ կրակոցները հնչել են, ինքն անակնկալի է եկել, ցանկացել է գնալ իրենց տուն, և ճանապարհին տեսել է իրենց թաղամասի բնակիչներից մեկին, ով իրեն հարցեր է տվել, հարցրել է, թե ինչու է ինքն իրեն խոսում, որից հետո թեքվել և վազել է դեպի անտառ:
Անտառում թաքնվելու ժամանակ հանդիպել և զրուցել է իր ընկերոջ հետ, ում պատմել է, որ չի ցանկացել սպանել աներոջը, այլ դա պատահաբար է ստացվել: Նշել է նաև, որ իրականում տնից դուրս գալու ժամանակ մայրն արթուն է եղել, և նրան ասել է, որ գնում է որսի: Աներոջը զենքով է ցանկացել վախեցնել, որովհետև մի քանի անգամ բանավոր ասելուց հետո նա շարունակել է նույն պահվածքը: Ձգանները քաշելու ժամանակ եղել է նույն դիրքով: Իր նախկին ցուցմունքում կարևորություն չի տվել, որ դեպքից հետո ոչ թե անտառ է գնացել, այլ ցանկացել է իջնել դեպի իրենց տուն և ճանապարհին հանդիպել է ընկերոջը: Լավ չի հիշում՝ իր ընկերոջը հանդիպե՞լ է, թե՞ ոչ, բոլոր դեպքերում, նրա հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչպես նաև լավ չի հիշում՝ նրա հետ զրուցե՞լ է, թե՞ ոչ, բոլոր դեպքերում, տեսել է: Կրակոցից հետո, երբ ուշքի է եկել, զանգահարել է իր մորը և ասել, որ շտապօգնություն կանչեն: Չի հերքել, որ մորը ասել է՝ քանի ինքը կա, նրանց ոչ ոք չի կարող նեղացնել, և դա նկատի է ունեցել, որ միշտ նրանց թիկունքին կանգնած է, քանի որ տան տղամարդն ինքն է:
Դատարանը, սակայն, հանգել է այն հետևության, որ ամբաստանյալն այդպիսի դիրքորոշմամբ փորձում է քրեական պատասխանատվությունը մեղմելու հիմքեր ստեղծել մինչդեռ նրան մեղսագրված արարքը հաստատված է ապացույցներով։
Ինչ է ասել տուժողի որդին
Տուժողի իրավահաջորդը՝ նրա որդին, ցուցմունք է տվել այն մասին, որ իր քույրն ամուսնացել է իրենց հարևանությամբ բնակվող ամբաստանյալի հետ:
Դեպքի օրվա առավոտյան իրեն զանգահարել է իր կինը, ով գտնվել է նրա հայրական տանը, և ասել, որ ամբաստանյալը տնից վերցրել է իր որսորդական հրացանը և գնացել է իր հորը սպանելու: Անմիջապես վեր է կացել, տեսել է, որ հայրը տանը չէ, անմիջապես վազել է ջրամբարի ուղղությամբ: Տնից դուրս գալու ժամանակ կնոջ և զոքանչի հետ գնացել է դեպի ջրբաժանը: Ջրբաժանին չհասած փոսի մեջ, գետնին ընկած տեսել է հորը՝ արյունոտված վիճակում, որովայնի և կրծքավանդակի շրջաններում վնասվածքներով, մահացած վիճակում:
Ինչ է ասել ամբաստանյալի կինը
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալի կինը՝ տուժողի դուստրն ասել է, որ, երբ ամուսինը վերադարձել է տուն, իր հետ անկեղծացել և ասել է, որ իր հայրն իր և մոր հասցեին վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել տարբեր մարդկանց մոտ, ինչից ամուսինը շատ նեղված է եղել: Ամուսինն իրեն ասել է նաև, որ, երբ հանդիպի աներոջը, նրան մի երկու բան է ասելու:
Առավոտյան արթնացել և տեսել է, որ ամուսինը տանը չէ, իսկ ամուսնու մայրն ասել է, որ ամբաստանյալը վերցրել է որսորդական հրացանը և գնացել է որսի: Իր արթնանալուց հետո ամուսնու մոր հեռախոսահամարին է զանգահարել որդին, որի հետ խոսելուց հետո իրեն ասել է, որ ամբաստանյալը հանդիպել է տուժողին, նրան հարցրել է, թե վարկաբեկիչ տեղեկություններ տարածե՞լ է, թե՞ ոչ, իսկ հայրը պատասխանել է, որ լավ է արել, որից հետո սպանել է նրան: Կինն ամուսնուն բնութագրել է՝ որպես դյուրագրգիռ, շուտ բռնկվող անձնավորություն:
Իր հոր մահվան օրը, երբ իր սկեսուրին է զանգահարել նրա որդին, հեռախոսի միջից լսել է ամուսնու լացի ձայնը, ով անընդհատ կրկնել է, որ չի իմացել, որ հրացանի մեջ փամփուշտ կա, չի ցանկացել սպանել, ցանկացել է վախեցնել, քանի որ վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել իր և մոր հասցեին, և պատահաբար կրակոց է արձակվել, որի հետևանքով մահացել է իր հայրը: Նույնն ասել է նաև իր հետ հեռախոսազրույցի ժամանակ: Դեպքի օրն ինքը գտնվել է շոկային վիճակում, չի կարողացել ճիշտ ձևակերպել իր մտքերը, և այդ պատճառով այդ մանրամասնություններին կարևորություն չի տվել: