Պետական գույքի կառավարման վարչությունը 2018-ից կանցնի էլեկտրոնային աճուրդների

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված ընկերությունների՝ մասնավորեցման նախապատրաստման աշխատանքները պետք է իրականացվեն համակողմանի քնննարկումների ու մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա, պետք է ողջամիտ ժամկետում իրականացվի նախատեսվող աշխատանքների ամբողջ ծավալը: Սա պետական գույքի կառավարման վարչությունում այսօր քննարկված բազմաթիվ հարցերից մեկն է:

Վարչության պետ Արման Սահակյանը աշխատակազմին է ներկայացրել օրեր առաջ Նախագահ Սերժ Սարգսյանից ստացած հանձնարարականները` մասնավորեցվող մասնագիտացած ընկերությունների պրոֆիլային ուղղվածության, աշխատակազմերի նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահպանման, պետական գույքի վաճառքի գործընթացում նոր, առավել արդյունավետ մեթոդների և գործիքների կիրառման վերաբերյալ:

Հանրապետության Նախագահը կարևորել է պետական բաժնեմասով ընկերություններիկողմից գործարար ծրագրերի մշակման հստակ որակական չափորոշիչների ներդնումն ու դրանց իրականացման արդյունավետության գնահատումը՝ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Երկրի ղեկավարը հանձնարարել է նաև ոլորտում էապես մեծացնել արդիական տեխնոլոգիաների կիրառումը, կատարելագործել հաշվառման էլեկտրոնային շտեմարանները, 2018-ից սահուն անցնել էլեկտրոնային աճուրդների:

Նախագահն անդրադրաձել է նաև հանրակացարանային տարածքների հետ կապված խնդիրներին,

հանձնարարել մինչև տարեվերջ մայրաքաղաքում ու մարզերում ավարտին հասցնել հանրակացարանային տարածքների նվիրատվության ու սեփականաշնորհման գործընթացները: Այդ նպատակով ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը պատասխանատուներին հանձնարարել է ևս մեկ անգամ այցելել շահառուներին,

գույքագրել խնդիրներն ու դրանց լուծման հստակ ժամանակացույց սահմանել և պարբերաբար զեկուցել դրանց իրականացման մասին:

«Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ամփոփ տվյալների հիման վրա ներկայացվող առաջարկությունները պետք է իրատեսական լինեն, իրավիճակի հստակ վերլուծության արդյունք արտացոլեն, որպեսզի մենք հասկանանք, թե որն է ցուցանիշների վատթարացման պատճառը, կամ ընկերությունների առողջացման ո՞ր ճանապարհն է նախընտրելի». վարչության գործունեության ևս մի կարևոր ուղղության է անդրադարձել Արման Սահակյանը:

Այսօր քննարկվել է նաև առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացման, գործունեության արդյունքում հիմնական ցուցանիշների բարելավման, ինչպես նաև գործադիր տնօրենների աշխատանքների գնահատման նոր մեթոդաբանությունն՝ իր չափորոշիչներով:

Ներկայացվել է նաև վիճակագրություն-վերլուծություն՝ վարչության թեժ գծի ընթացիկ տվյալների վերաբերյալ: Արձանագրվել է, որ էապես նվազել է թեժ գծի հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի թիվը, ինչը պայմանավորված է քաղաքացիների կողմից բարձրացվող շատ հարցերի լուծման, հրապարակային գործունեության ու իրազեկման փաստերով:

Նույն տրամաբանությամբ նվազել է նաև վարչության ղեկավարության մոտ ընդունելության եկող քաղաքացիների թիվը. հիշեցնենք, որ ընդունելությունների առանցքային թեման սոցիալականն է՝ հիմնականում կապված հանրակացարանային տարածքների հետ: Պարզեցված ու դյուրացված ընթացակարգերն այսօր այնտեղ ապրող քաղաքացիներին հնարավորություն են տալիս գործընթացն իրականացնել առանց քաշքշուկների ու ժամանակ կորցնելու: Ավելին, այսօր Վարչությունն ինքն է դիմում քաղաքացիներին՝ հորդորելով սկսել սեփականացման գործընթացը:

Վարչության պետը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների պատասխանատուներին, հիշեցրել, որ անելիքները շատ են և պետք է ամենօրյա հետևողական ռեժիմով ծրագրված աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում:

ՊԳԿ վարչության մամուլի բաժին

Տեսանյութեր

Լրահոս