«Անցած տարի 1 մլն 250 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան». Արա Խզմալյան
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ Զբոսաշրջության պետական կոմիտեն մշակում է զբոսաշրջության զարգացման քաղաքականությունը, նրան առավելապես վերապահված են քաղաքական բնույթի որոշումներ՝ հիմնական ուղղությունների զարգացմանը վերաբերող հարցերի ճշտում և որոշում, իսկ նորաստեղծ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը պետական կոմիտեի ծրագրերի և այլ հարակից ծրագրերի իրականացնող մարմինն է։ Ըստ բանախոսի՝ հիմնադրամն ունի երկու հիմնական անելիք` թվային մարքետինգը և զբոսաշրջային արդյունքի ձևավորումը։
«Շատ հաճախ մենք խոսում ենք այն մասին, որ, որքան իրազեկված եղավ Հայաստան եկող զբոսաշրջիկը, այնքան ավելի վստահ է գալիս և մտածում է, որ գալիս է ապահով տեղ, որովհետև տեղեկատվության տիրապետելը մարդու մեջ առաջացնում է վստահության և անվտանգության զգացում։ Մեր հիմնական խնդիրն է, որ ոչ թե մարդկանց հրավիրենք Հայաստան, և այդպես ճանաչեն Հայաստանը, այլ մարդիկ իրենց իսկ երկրներում արդեն հնարավորություն ունենան իմանալու համապարփակ տեղեկատվություն Հայաստանի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Խզմալյանը։
Նա տեղեկացրեց, որ հիմնադրամն այս տարի նախատեսում է մասնակցել Ռուսաստանում կայանալիք «Отдых» ցուցահանդեսին, որի ընթացքում Հայաստանի տուրօպերատորները հանդես կգան առավել լայն կոնտեքստում՝ կներկայացվի Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, և այդ ֆոնին հանդես կգան տուրարդյունաբերության ներկայացուցիչները։
Արա Խզմալյանի համոզմամբ՝ մենք պետք է լրջորեն մտածենք զբոսաշրջիկի մոտիվացիաներն ավելի ամրապնդելու մասին. «Ինչո՞ւ պետք է զբոսաշրջիկը գնա Գառնի, Գեղարդ, Զորաց քարեր։ Ինչքան մենք ավելի շատ պատճառներ և հիմքեր ստեղծենք զբոսաշրջիկների համար՝ մեր պատմամշակութային միջավայրեր այցելելու, այդքան ավելի շատ զբոսաշրջիկ շահագրգռված կլինի այցելել»։
Նրա խոսքով՝ ըստ վիճակագրական տվյալների՝ անցած տարի 1 մլն 250 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, իսկ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ այս տարի զբոսաշրջիկների 18.2 տոկոս աճ ենք ունեցել։ Մինչև մայիս ամիս Հայաստան այցելությունների թիվը 30-ից ավելի տոկոսով աճել է՝ նախորդ տարվա այս ամիսների համեմատ։ Պարոն Խզմալյանը նաև հույս հայտնեց, որ մինչև 2020 թ. Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 2,5 մլն-ի։
«Զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճում է։ Այն զբոսաշրջային բազմազանությունը, որ մենք այսօր ունենք, նախկինում չենք ունեցել։ Կան ռեալ հիմքեր հավատալու, որ որոշումը՝ մինչև 2020 թ. զբոսաշրջիկների թիվը հասցնել 2.5 մլն-ի, կդառնա իրականություն»,- նկատեց բանախոսը։
Վերջինս նշեց նաև, որ սփյուռքի ընդամենը 10 տոկոսն է եղել Հայաստանում։ Իսկ խոսելով Վրաստանի մասին՝ նա ասաց, որ այնտեղ մարքետինգի վրա 7 մլն եվրո են ծախսում։
Ռոզա Հակոբյան