Բաժիններ՝

Ռուբեն Գևորգյանցի մասին պատմող հոլովակով ազդարարվեց «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի պաշտոնական բացումը

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց սիրված կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակի տեսաֆիլմով և մեկ րոպե լռությամբ: Կինոփառատոնի բացումը տեղի ունեցավ հուլիսի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Օրեր առաջ մենք կորցրեցինք մեծանուն կինոռեժիսոր, մեր լավ ընկեր Ռուբեն Գևորգյանցին, մարդ, որը ստեղծել է նշանակալի ֆիլմեր ու միշտ եղել մեզ հետ»,- նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Բացմանը ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, դեսպաններ, արվեստասերներ, պաշտոնյաներ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, թե անչափ ուրախ է, որ առաջիկա օրերին հանրությունն աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստան ժամանած գունեղ ֆիլմերի միջոցով կարող է հաղորդակցվել տարբեր ժողովուրդների երազներին ու ցանկություններին:

«ՀՀ կառավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կինոյի զարգացմանը: Մենք դրա վերաբերյալ հայեցակարգ ենք մշակել, կինոյի մասին օրենք: Աշխատում ենք խրախուսել մասնավոր ներդրողներին, որպեսզի գումար տրամադրեն կինոստուդիաներին տեխնիկայի ձեռքբերման համար, նոր կրթական, վերապատրաստման ծրագրեր ենք ներմուծում Հայաստան, և համոզված ենք, որ այն նախագծերը, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը, մեր երկիրը դարձնելու են շատ գրավիչ աշխարհի բոլոր կինոարտադրողների համար»,- բացման ելույթում ընդգծեց Ամիրյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մշակույթի կապիտալացման իրենց պատկերացրած մոդելի առաջխաղացման գործում կինոն կարևորագույն դերակատարություն է ունենալու: «Այն լինելու է Լյումեր եղբայրների «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի շոգեքարշը, որն ամբողջ մշակույթն առաջ է տանելու»,- եզրափակեց նախարարը:

Բացմանը երաժշտական կատարումներով հանդես եկավ ջազ-երաժիշտ Վահագն Հայրապետյանն իր խմբի հետ` մեծ բավականություն պատճառելով ներկաներին:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս