«Իրական իշխանությունը շարունակելու է գտնվել պառլամենտից դուրս». Ռուբեն Մեհրաբյան

«Հայաստանի ներքաղաքական կյանքում ոչինչ տեղի չի ունենում, բացառությամբ մի քանի դրվագների»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Այդ դրվագներից մեկը նա համարում է այն, որ երեկ ԱԺ-ում կողմ քվեարկեցին Հովիկ Աբրահամյանի կառավարության բյուջեի կատարողականին.

«Դա տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի ձայների շնորհիվ, ինչի մասին նշվեց ԱԺ-ում։ Այսինքն՝ ներկայիս կառավարությունը նոր-նոր ամբողջական պատասխանատվությունը ստանձնում է իր վրա, և հետագա զարգացումներին մենք ականատես կլինենք աշնանը, գարնանը, բայց ոչ հիմա»։

Հիմա, ըստ Մեհրաբյանի՝ հարաբերական անդորր է, ինչը սպասելի էր։ Փորձագետի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ թավշյա հեղափոխություն անելու մասին հայտարարությունը չհաշված՝ առանձնակի գաղափարներ չեն շրջանառվում ընթացիկ քաղաքականության թատերաբեմում.

«Թավշա հեղափոխություն անելու փորձը որևէ ձևով ակտուալ չէ ներկա իրողությունների ֆոնին, որովհետև այս պահին գոնե անելիքներն ուրիշ տեղ են։ Ի վերջո, մենք գնում ենք ընդառաջ՝ պրոբլեմ 2018-ին։ Դա այն է, երբ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը կավարտվի և Հայաստանը ամբողջությամբ կթևակոխի պառլամենտական կառավարման դարաշրջան։ Խնդիրն այն է, թե որտեղ է գտնվելու իրական իշխանությունը։ Համենայնդեպս, այս պահին կարելի է վստահաբար ասել, որ իրական իշխանությունը պառլամենտում չէ այսօր, և այնտեղ հետո լինելու նախադրյալներ էլ չկան»։ Հետևաբար, փորձագետը կարծում է, որ դե ֆակտո իշխանությունը շարունակելու է գտնվել պառլամենտից դուրս. «Իսկ թե ինչպիսին է լինելու այդ դե ֆակտո իշխանությունը, դրա պատասխանը չունենք, և դրա պատասխանը չունի կամ չի տալիս նաև իշխող կուսակցությունը»։

Տեսանյութեր

Լրահոս