Բաժիններ՝

ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել միջուկային զենքի ամբողջական արգելքի մասին պայմանագիրը

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում աջակցել և ընդունել ՄԱԿ-ի կողմից միջուկային զենքի արգելքի մասին նոր կոնվենցիան: Գերատեսչության կողմից արված հայտարարության մեջ, որպես չընդունելու պատճառ, նշվում է այն, որ ԱՄՆ-ն մասնակցություն չի ունեցել տվյալ փաստաթղթի քննարկմանը: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ»-ը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել աշխարհի բոլոր պետությունների հետ՝ ուղղված միջազգային անվտանգության և միջուկային պատերազմի ռիսկերի նվազեցման հիմնախնդրին: Սակայն այս համաձայնագիրը չի պարունակում այն բոլոր մեխանիզմները, որոնք կկարողանան ներկայումս ապահովել միջազգային խաղաղություն և ամբողջությամբ չեզոքացնել միջուկային զենքի առկայությունն ու դրանից եկող սպառնալիքը»,- նշել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՄԱԿ-ն այս բազմակողմանի կնքված պայմանագիրը հաստատել էր առանց ՌԴ և ԱՄՆ մասնակցության: Նշվում էր, որ այս պայմանագիրը համարվում է անժամկետ և բաց է բոլոր պետությունների՝ պայմանագրին միանալու համար: Այն ընդունվել էր 122 անդամ-պետությունների կողմից, իսկ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռևս մայիս ամսին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս