ՈԱԱԿ-ն ընդգրկվել է Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին (ENQA) անդամակցությունից հետո ՈԱԱԿ-ը դիմել էր՝ ընդգրկվելու Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում։ Գործընթացի շրջանակներում ՈԱԱԿ-ն եվրոպացի փորձագետների կողմից գնահատվել է Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխանության տեսանկյունից և ընդգրկվել գրանցամատյանում 5 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականը։
ՈԱԱԿ գրանցումն EQAR-ում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգն առավել տեսանելի է դարձնում միջազգային ասպարեզում։ Հայաստանում սովորել ցանկացող միջազգային ուսանողները կամ հայաստանյան բուհերի հետ համագործակցելու մտադրություն ունեցող կազմակերպությունները Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի միջոցով կարող են ծանոթանալ ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված բուհերի արտաքին գնահատման արդյունքներին, փորձագիտական զեկույցներին և ըստ այդմ որոշում կայացնել։
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանը ցանց է, որը միավորում է Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխան գործող որակի ապահովման գործակալությունները։ Նպատակն է հանրությանը տեղեկություն տրամադրել Եվրոպայում գործող վստահելի որակի ապահովման գործակալությունների և նրանց կողմից հավատարմագրված ուսումնական հաստատությունների մասին։
Այն ստեղծվել է 2008-ին Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA), Ուսանողների եվրոպական միության (ESU), Համալսարանների եվրոպական ասոցիացիայի (EUA) և Բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) նախաձեռնությամբ։
Ներկայում եվրոպական գրանցամատյանում ընդգրկված է որակի ապահովման 47 գործակալություն։
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժին