««Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասով վերահսկողություն չենք իրականացրել». Լևոն Յոլյան
««Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածները, որոնք շահագործման են հանձնվել, արդյո՞ք որակական չափանիշներին համապատասխանում են, և արդյո՞ք ծառայելու են այնքան ժամանակ, ինչքան ժամանակ նախատեսված է նորմատիվներով»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին նման հարց ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան՝ Լևոն Յոլյանն ասաց, որ հարցը կապ չունի տարեկան հաշվետվության հետ, և ընդգծեց, որ 2016թ. Վերահսկիչ պալատն այդ դաշտում վերահսկողություն չի իրականացրել. «Այս պահի դրությամբ դա չի նախատեսվում նաև 2017թ. կտրվածքով։ Բայց ձեր մտավախությունն ու առաջարկությունն անպայման հաշվի կառնենք, ռիսկերը ևս մեկ անգամ կգնահատենք, և լրացուցիչ կպատասխանենք»։
Փաշինյանն էլ նշեց, որ հաշվետվության հետ կապ ունի այնքանով, որ 2016թ. արտաքին պետական պարտքի շրջանակներում գումար է ծախսվել և ինչ-որ աշխատանք է իրականացվել. «Հիմա պետք է հասկանանք՝ այդ գումարը, որ ծախսվել է, արդյունքում ի՞նչ ենք ստացել։ Նախկինում, որ վերահսկել եք, այդ վերահսկողության արդյունքներն ի՞նչ են եղել»։
Յոլյանը նշեց, որ սպառիչ պատասխանել է հարցին. «Ինչ վերաբերում է նախկին տարիների վերահսկողության արդյունքներին, լավ տեղյակ եք, որ քննարկումներ եղել են, մեր բոլոր ընթացիկ հաշվետվությունները դրա վերաբերյալ մեր կայքում դրված են»։