Ովքեր են պարգևատրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազությունում մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան և դատախազության 99-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ու պարգևատրել մի շարք անձանց: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանին շնորհել են արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Նա ֆինանսների նախկին նախարար, այժմ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի եղբայրն է:

Մյուս պարգևատրվածը ևս պատահական մարդ չէ, Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Հաջորդ պարգևատրվածի համար թերևս Արթուր Դավթյանն է բարեխոսել՝ մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն ստացել է «Մխիթար Գոշ» մեդալ: Նա գլխավոր դատախազի մտերիմն է, նրա տեղակալն էր քաղաքի դատախազ եղած ժամանակ, և առաջխաղացման գրավականը Դավթյանի նշանակումն էր: Հաջորդ պարգևատրված էլ նախկին քննիչ Հայկ Ասլանյանն է, գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական․ նրան շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նշենք, որ Դատախազի օրը հուլիսի 1-ն է, սակայն նշեցին հուլիսի 3-ին, երբ նախագահն այցելեց դատախազություն: Ի դեպ, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը 2015թ․ այդ օրը հրավիրել էր նաև ոխերիմ «բարեկամ» Աղվան Հովսեփյանին, անգամ ցուցադրաբար պարգևատրել նրան: Սակայն Արթուր Դավթյանը նման ձևականությունների ետևից չի ընկել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս