Թբիլիսիի «Էլիավա» շուկայում բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է չորս մարդ
Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի և աքսեսուարների «Էլիավա» շուկայում 2500 քառակուսի մետր ընդգրկած հրդեհի մարմանը մասնակցել է շուրջ 150 հրշեջ-փրկարար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է չորս մարդ: Տուժածների շարքում կա մեկ հրշեջ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվածի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության բաժինը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով:
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ շուկայում բռնկված հրդեհից տուժածների կրած վնասները կփոխհատուցվեն: «Ցանկանում ենք ընդգծել, որ հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են և մեղադրանքները, թե իբր հրշեջ ջոկատները դեպքի վայր ուշ են ժամանել, չեն ունեցել ջուր կամ մտադրված կերպով չեն հանգցրել կրակը, սուտ են»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Թբիլիսիի փոխքաղաքապետ Լաշա Աբաշիձեն էլ հայտնել է, որ «Էլիավա» շուկայի ապրանքների մեծ մասը փրկված է: