Գերմանիայում լրտեսության մեղադրանքով գործ է հարուցվել Թուրքիայի քաղաքացու դեմ
Գերմանիայի դաշնային դատախազությունը դատական գործ է հարուցել Թուրքիայի մի քաղաքացու դեմ, ով մեղադրվում է 2015 թվականից այս կողմ Գերմանիայում քրդական կառույցներին լրտեսելու մեջ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
32-ամյա կասկածյալ Մեհմեթ Ֆաթիհ Ս.-ն ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերին: Նա մեղադրվում է քրդերի մասին տեղեկությունները թուրքական հետախուզությանը փոխանցելու մեջ: Դատախազության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը լրտեսական գործունեության արդյունքում շուրջ 30 հազար եվրո է ստացել:
Մեհմեթ Ֆաթիհ Ս.-ի հիմնական գործերից մեկը եղել է 2015 թվականի աշնանը հետևել Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիայի ժողովրդավարական քրդական հանրության կենտրոնի ղեկավարներից մեկին ու նրա ընտանիքին: