«Նյու վասյուկի չենք խաղալու». Արմեն Աշոտյան
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ստեղծվել է «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ԱԺ ներկա պատգամավորներ, այնպես էլ նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Այսօր տեղի ունեցավ փորձագետների առաջին հանդիպումը։
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այս խմբում համագործակցությունը պայմանավորված է իրենց «էգոիստական» շահերով. «Եթե միասին աշխատենք, ապա ամեն պատնեշ հաղթահարելի է։ Տարերային PR-ի կարիք չունենք, մեզ համար պետք է աշխատենք, այլ ոչ թե` ինչ արձագանք այն կունենա, դրա համար «օֆ դը ռեքորդ» նաև պետք է աշխատենք։ Կարծում եմ` չպետք է փղերն ու կարկուտը թափել մեկ մարդու` միջազգային որևէ պատվիրակության ղեկավարի վրա, այսինքն` պատասխանատվությունը պետք է կիսեն նաև պատգամավորները, նրանք լինեն հաշվետու, քանի որ արտաքին աշխարհում անձնական կապերը շատ կարևոր են»:
«Ակնհայտ է` խորհուրդն ունենալու է խորհրդապահական նմանություն: ԱԺ արդյունավետությունը միշտ թերագնահատվել է, թեև պոտենցիալը մեծ է։ Նաև ուզում եմ հասկանանք` ինչո՞ւ ոչ վերլուծական, այլ անալիտիկ խորհուրդ»,- հետաքրքրվեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ խորհուրդների ոչ բոլոր կարծիքներն են հաշվի առնվում և պետք չէ շատ մեծ սպասելիքներ ունենալ, թեև չի բացառվում, որ կարող է գործել:
«Մենք ունենալու ենք կորիզային համակարգ և կլինեն նաև հրավիրյալներ»,- ասաց պատասխանեց Ա.Աշոտյանը` իր ուրախությունը հայտնելով, որ Դ.Շահնազարյանն ընդունել է հրավերը։ Նա նշեց, որ անվանումն ընտրել են անգլիական ազդեցությամբ, կարելի է նաև անվանել արտաքին հարաբերությունների խորհուրդ. «Անվան հետ կապված բաց ենք քննարկման»:
ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` երկու հիմնական խնդիր կա մեր երկրում` մասնագիտական կարծիքի հաշվի առնում տարբեր որոշումների կայացման ժամանակ և բազմակուսակցական համակարգի ստեղծում. «Ամենամեծ տունը քարերից է բաղկացած` ոչինչ որ հարդարման և կահավորման աշխատանքները հեռու են դեռ, հիմքերը դնելուց ցեխի, բետոնի հետ գործ ունենք, քանի որ տունը աղյուսից է կառուցվում։ Գրավոր առաջարկներին նաև պետք է տուրք տանք։ Այս փորձը, մի փոքր ճանապարհ անցնելուց հետո, մյուս հանձնաժողովներում պետք է կիրառվի»:
ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի բնորոշմամբ` լավ նախաձեռնություն է, սակայն նաև մտահոգություն կա` եթե մի օր Աշոտյանին դեսպան ուղարկեն, ի՞նչ է լինելու խորհրդի ճակատագիրը:
«Պաշտոնի ցածրացում եք կանխատեսո՞ւմ»,- կատակով հարցրեց Ա.Աշոտյանը։
«Դե, Ձեր դեպքում ո՞նց է` ոնց կուսակցությունը որոշի»,- նկատեց Թ.Պողոսյանը։
Ա.Աշոտյանի խոսքով` խորհրդի համար հիմա գումար չկա. «Նյու վասյուկի չենք խաղալու։ Գծային ԱԺ-ից պետք է անցնենք նաև տարածականի, նման չափագրում անենք»:
Բավականին կոշտ էր քաղաքագետ Մանվել Սարգսյանի ելույթը:
«Ինչի՞ համար եմ գալիս ձեզ լսելու: Կոպիտ եմ ասում, օպոզիցիա չեմ անում, ուղղակի ուղիղ եմ հարցը դնում։ Մեզ կանչել եք, էնքան որ մի բան ասեք էլի: Պարզ չի՞` ինչ պիտի ասեմ: Ես բազմաթիվ նյութեր եմ գրում, որոնց մեծ մասը դուք չեք կարդում: Ինչո՞ւ չեք կարդում: Հատուկ եմ կոպիտ ասում։ ԱԺ-ում պետք է շահագրգիռ մարդիկ լինեն։ Նման մթնոլորտ պետք է ստեղծել։ Փորձեք համոզել մեզ, թեկուզ ասեք` փող չունեք, դա էլ է համոզիչ: Հարց ունեք, կանչեք, ես հազար բան գիտեմ, մենք ազատ մարդիկ ենք` ինչ կուզենք կասենք, կուզենք չենք շփվի»։
«Եթե այս նիստին հրավիրել ենք, ուրեմն ձեզ կարդում ենք։ Իմ մոտիվացիան է` աշխատել հանուն երկրի, գրել ոչ թե գրադարակի, գրադարանի, հանուն թղթի, այլ երկրի համար,- նկատեց Ա.Աշոտյանը և շարունակեց,- Այնպես չէ, որ միայն իմ խաթր կամ ՀՀ համար եք այստեղ լինելու։ Շատերիդ հետ ինձ համար շատ հաճելի է շփվել, կարծում եմ` փոխադարձ է։ Իսկ երաշխիքները ջենտլմենական համաձայնություններն են։ X թեմայի վերաբերյալ բոլորդ տարբեր բաներ եք գրում, դրա համար պետք է քննարկենք»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Գերագույն խորհուդն ունեցել է Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով և փորձագետներ, որոնց կողմից կազմված փաթեթը տարածվել է աշխարով մեկ. «Հայաստանն այսօր ունի նման խնդիր, որ փորձագիտական կարծիք տարածվի, թեկուզ և այն ոչ միշտ համընկնի պաշտոնական կարծիքին»:
Ա.Աշոտյանը հայտարարեց, որ խմբի անդրանիկ բուն հավաքը կկայանա հուլիսին. «Եկեք մեր առաջին հավաքը նվիրենք նրան, թե ԱԺ հաղորդակցական խողովակներն ինչպես օգտագործել` լուծելու արտաքին մարտահրավերները»։