Ադրբեջանը «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից կրկին կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ
Ադրբեջանը հունիսի 8-ի երեկոյան կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Գնդակոծել են երեկոյան 21:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում: Նախորդ անգամվա պես նորից ընդհատումներով կրակել են «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից եւ հրաձգային զենքերից: Փառք Աստծո, էական վնասներ չունենք: 1-2 նյութական վնաս ունենք՝ դարպաս, տանիք, իսկ գիշերը խաղաղ է եղել»,- ասաց համայնքապետը:
Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր նախորդ դեպքի պարագայում այս անգամ եւս հանձնաժողովը կազմել եւ մարզպետարան է ներկայացրել հասցված վնասի չափը:
«Մինչ այսօր ինչքան վնաս եղել է, միշտ փոխհատուցվել է»,-նշեց Նարեկ Սահակյանը: