«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես չեմ էլ ճանաչում». Սամվել Ալեքսանյան
«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես չեմ էլ ճանաչում: Մեր դստեր հարսանիքին ոչ մեկ չի եղել, սաղ Հայաստանից են եղել: Թե էդ ՞ով ա գրում, էդ ինֆորմացիան ո՞վ ա տարածում, չեմ իմանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայատարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսնայանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ո՞վ է երգել իր դստեր հարսանիքին:
Անցած շաբաթ, հիշեցնենք, «Փարավոն» ռեստորանային համալրիում կայացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը, որին հրավիրված են եղել մեծ թվով անձիք նաև արտերկրից։
168.am-ի տեղեկություններով, հրավիրյալների թվում է եղել և ելույթ է ունեցել նաև աշխարհհռչակ փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրահայտ երգչին Հայաստան հրավիրելու համար Սամվել Ալեքսանյանը վճարել է 990 հազար ԱՄՆ դոլար։ Հարսանիքին Աստղիկը կրել է հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած զգեստը։
Նա հերքեց, որ Ջասթին Թիմբերլեյքը ներկա է եղել և երգել է դստեր հարսանիքին. «Հարսանիքին 1000 հոգի մարդ ա եղել, թող ասեն` ով ա եղել: Մեր հայ երգիչներն են եղել սաղ»:
Մեր հարցին` արտասահմանից երգիչ չի՞ եղել, Ս.Ալեքսանյանը պատասխանեց, որ մի երգիչ է եղել, որին իր ընկերն է հրավիրել, բայց անունը չկարողացավ հիշել և օգնության կանչեց իր կողքին գտնվող Նապոլեոն Ազիզյանին: Վերջինս հավաստիացրեց, որ Ալեքսնադր Սերովն է եղել հարսանիքին, այն էլ անվճար է եղել:
«Հենց ընենց ընկերս ա բերել ու իրա կողմից»,- կրկնեց Ս.Ալեքսանյանը:
Դիտարկմանը, որ ըստ լուրերի, մոտ 1 մլն դոլար է վճարել Ջասթինին, Ալեքսանյանը պատասխանեց. «Էդ մի միլիոն դոլարը որ ես երգչին տայի, դրա տեղը արտադրություն կդնեի: Էդ քու համար բան չի, իմ համար եքա փող ա: Մի լավ տրիկոտաժի մի 500-տեղանոց արտադրություն կլինի»:
Ս.Ալեքսանյանը հայտարարեց, թե շաքարի գործարանում տեղի ունեցած միջադեպն իրեն չի վերաբերում, օրենքով գողեր էլ իր շրջապատում չկան. «Ես ինչ կապ ունե՞մ»:
«Էսի սաղ ձրի տվեցի, հերիք ա, հիմա մի քիչ էլ ջղայնացնեք, 500 եվրո կուզեմ»,- փորձեց բարկանալ Ս.Ալեքսանյանը: