«Կատարի շրջափակման գործընթացում նոր հնարավորություն եմ տեսնում Հայաստանի համար». Արմեն Պետրոսյան
Արաբագետներ Արմեն Պետրոսյանը և Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձան այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ահաբեկչական տեսանկյունից վտանգի մեջ չի գտնվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատարի քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց վիզային ռեժիմի։
Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Կատարն իսլամական աշխարհում բավականին առանցքային է, բայց բնակչության առումով՝ շատ քիչ, ընդ որում՝ բնիկ կատարցիներն ավելի քիչ են։
«Բայց ընդհանուր առմամբ վտանգ կա, որ իսլամական ծայրահեղականությունը գլուխ է բարձրացնում։ Ես վտանգ տեսնում եմ Կովկասում։ Կովկասում շարունակաբար իսլամականների ակտիվության տենդենց է նկատվում»։
Խոսելով Կատարի շրջափակման մասին՝ նա ասաց. «Ամեն դեպքում ՝ Կատարն այն երկիրը չէ, որ պետք է սպասի, թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենալու։ Լարվածությունը կշարունակվի, բայց այն երկար պահել չի լինի»:
Արմեն Պետրոսյանն էլ իր խոսքում նշեց. «Կատարը 2.6 մլն բնակչություն ունի, բայց Կատարի քաղաքացիություն ունեն ընդամենը մի քանի հարյուր հազարը, այն էլ՝ հենց կատարցիները։ Բացի կատարցիներից, արաբներից, երկրորդ էթնիկ խումբը հնդիկներն են, պակիստանցիները, իրանցիները և այլք։ Իրենց քաղաքացիության իրավունք տրված չէ, իսկ Կատարի քաղաքացիներից որևէ ահաբեկչական սպառնալիք, Հայաստանի հետ կապված, չկա»։
Նրա դիրքորոշմամբ՝ երբ որ Կատարը մեղադրվում է ծայրահեղականությանն աջակցելու մեջ, մեղադրողները նկատի ունեն ոչ թե Կատարի քաղաքացիների մասնակցությունը կամ Կատարի ներգրավվածությունը,այլ Կատարի կողմից տարբեր ծայրահեղական կառույցներին աջակցությունը։
Արմեն Պետրոսյանն այս գործընթացում անգամ նոր հնարավորություն է տեսնում Հայաստանի համար։ «Եթե հակամարտությունը խորանա, ես երկու լուծում եմ տեսնում՝ մեկը՝ արագ հանգուցալուծում՝ ներքին հեղաշրջման փորձի միջոցով, մյուսը՝ հակամարտային տեսանկյունից շարունակության միջոցով։ Իր երկրում բնականոն կյանքն ապահովելու համար Կատարը եզակի ճանապարհ է ունենալու՝ Իրանի հետ հարաբերությունների սերտացում»։
Նրա խոսքով՝ Կատարը մեկուսացման քաղաքականության հետևանքով և՛ ջրային, և՛ օդային, և՛ ցամաքային սահմաններով շրջափակված է, իսկ նրա միակ կապն արտաքին աշխարհի հետ Պարսից ծոցով Իրանի միջոցով է։
«Ցամաքային ճանապահը, որով ապահովվում էր այս երկրի կենսական նշանակության ապրանքների մոտ 40 տոկոսը, Սաուդյան Արաբիայի տարածքով էր իրականացվում, որի սահմանները փակվել են։ Կատար-Իրան-Հայաստան համագործակցությունը կարող է օգտագործվել Հայաստանի կողմից տարբեր տնտեսական ծրագրերում»,- նկատեց արաբագետը։
Ռոզա Հակոբյան



