Բաժիններ՝

Պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Երևան քաղաքի բնակչուհի Վ. Գ.-ի և ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդումների հիման վրա:

Այսպես, համաձայն Վ. Գ.-ի հաղորդման, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները 08.05.2017թ.-ին` անտեսելով Երևանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի 17Ա շենքում գտնվող բնակարանում փաստացի բնակվող Վ. Գ.-ի և հիշյալ տան սեփականատիրոջ միջև առկա քաղաքացիաիրավական վեճը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան դատական ակտի բացակայությունը, սեփականատիրոջ հետ կոտրել են հիշյալ բնակարանի դռան փականը և հարկադրանքի միջոցով Վ. Գ.-ին հեռացրել փաստացի իր տիրապետման տակ գտնվող տնից: Ոստիկանները վերջինիս բերման են ենթարկել բաժին` նրա նկատմամբ բռնություն գործադրելով, որի հետևանքով կինը մարմնական վնասվածքներ է ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վ. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությանը նաև հայտնել է, որ այդ ընթացքում կորել են իր բջջային հեռախոսն ու բնակարանի բանալիները: Բացի այդ, Վ. Գ.-ն իր հաղորդմամբ հայտնել է նաև, որ դռան փականը կոտրելու հետևանքով բնակարանից կորել են այնտեղ պահվող կանխիկ գումարն ու իր թանկարժեք զարդերը: Գողության հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում:

Մյուս քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 15.03.2017թ.-ին Արմավիր ՔԿՀ-ի մի քանի աշխատակիցներ նույն հիմնարկի պատժախցերից մեկում մահակներով ծեծի են ենթարկել իրեն այն բանի համար, որ ինքը նախորդ օրը հայհոյանքներ է տվել ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկին: Դատապարտյալը հայտնել է նաև, որ շուրջ 7 օր գտնվել է պատժախցում, իսկ հիմնարկի բժիշկը, չնայած իր խնդրանքներին, ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներն այդպես էլ չի արձանագրել:

Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս