Գրին քարտի համար դիմող հայերի թիվը կտրուկ աճում է. խաղարկությունը ԱՄՆ քաղաքացիության տանող միակ ուղին չէ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար նպատակ դարձած ԱՄՆ քաղաքացիություն ստանալու մտայնությունը տարեցտարի սաստկանում է: Դա է վկայում Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից armtimes.com-ին տրամադրված տվյալների համադրությունը: Դեսպանատանը մեզ տրամադրեցին վիճակագրական տվյալների մի բազա, որտեղ նշված է, թե որքան քաղաքացի է «Գրին քարտ»-ի համար դիմել իրենց, քանիսն են վիճակահանությամբ ստացել վիզա, որպեսզի հետագայում դիմեն ԱՄՆ կառավարությանը քաղաքացիություն ստանալու համար: Ամենաթարմ տվյալը 2015 թվականինն է, քանի որ 2016 թվականի վիճակահանության արդյունքները դեռ չեն ամփոփվել:

Միայն 2015 թվականին Հայաստանից «Գրին քարտի» համար մուտք է արվել 56 հազար 519 դիմում, որը պարունակել է 131 հազար 88 քաղաքացու տվյալ: 2014 թվականին դիմումների թիվը կազմել է 48 հազար 867, քաղաքացիների թիվը՝ 113 հազար 681, իսկ 2013 թվականին մուտք է արվել 42 հազար դիմում, որում եղել է 97 հազար 679 անուն: Նշենք, որ 1 դիմումում կարող է լինել դիմումատու քաղաքացու և, օրինակ, նրա կնոջ անունը: Մեկ այլ դեպքում կարող է դիմումատուն լինել դիմում գրած նույն տղամարդու կինը և նրա դիմումում կրկին լինի նախորդ դիմումատուի` նրա ամուսնու անունը: Այսինքն՝ 2015 թվականի 131 հազար 88 քաղաքացու մեջ կարող են և լինել կրկնվող տվյալներ:

2015 թվականին Հայաստանից մուտք արված 56 հազար 519 դիմումից պատահականության սկզբունքով համակարգիչն ընտրել է 2 հազար 49 դիմումատուի, որոնք նախ՝ ստացել են ԱՄՆ մուտքի վիզա, որից հետո կարող են դիմել արդեն քաղաքացիության համար: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանից 2015 թվականին եղել է ընդամենը 13 հազար 986 դիմում, Վրաստանից՝ 24 հազար 916 դիմում: Եվրոպա մայրցամաքից 2015 թվականին ամենաշատը շահած քաղաքացիները հետեւյալ երկրներից են՝ Ուկրաինան (4679), Ուզբեկստանը (4368), Ռուսաստանը (4103), Թուրքիան (3688), Մոլդովան (2809), Ալբանիան (2946): Հայաստանը 7-րդն է շահած 2049 քաղաքացու թվով:

Դեսպանատան տեղեկատվական բաժնից մեզ պարզաբանեցին, որ «Գրին քարտ»-ի խաղարկությունը ԱՄՆ քաղաքացիության տանող միակ ուղին չէ: ԱՄՆ քաղաքացիություն կարող են ստանալ և՛ վիճակահանությամբ, որը բազմազանության քաղաքականության դրսևորումն է, և՛ ներգաղթի դիմումով, որի համար դիմումատուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս