Բաժիններ՝

Շառլ Ազնավուրը ներկա է գտնվել «Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագրին

Հանրահայտ շանսոնյե, գրող, դերասան Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգային ծրագիրը տեղի ունեցավ հունիսի 1-­ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Էստրադային և օպերային երգիչների կատարմամբ հնչեցին մեծն Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները:

«Համերգային ծրագիրը բացառիկ է, քանի որ Ազնավուրի երգերը կատարվելու են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Կարծում եմ՝ երգերի գործիքավորումները հրաշալի են արված: Հուսամ, որ երաժշտասերները կհավանեն համերգը, այն կդառնա մեր մշակութային կյանքի կարևոր մասը, և մենք կկարողանանք ծրագիրը ներկայացնել նաև արտերկրում»,­- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ծրագրի կազմակերպման և իրականացման գործում իր ներդրումը ունեցած երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ասաց, որ համերգի համար ընտրվել է «Քեզ համար Ազնավուր» խորագիրը, ելնելով այն հանգամանքից, որ Ազնավուրն ունի հանրահայտ «Քեզ համար Հայաստան» երգը:

«Հատուկ համերգի համար նկարահանվել են բազմաթիվ կադրեր Ֆրանսիայում. այդ կադրերը կհարստացնեն ու ավելի հետաքրքիր կդարձնեն երաժշտական երեկոն: Շատ կցանկանամ, որ ամեն տարի շանսոնյեի ծննդյան օրը նման միջոցառում կազմակերպվի, որի հասույթի մի մասը կօգտագործվի բարեգործական նպատակներով»,­- ընդգծեց նա:

Համերգային ծրագրում ելույթ ունեցան Սոնա Ռուբենյանը, Անդրեն, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Հայկ Տիգրանյանը, Սարգիս Աղամալյանը, Գևորգ Հակոբյանը և այլք:

Վերջում բոլոր մասնակիցները կատարեցին «Քեզ համար Հայաստան» երգը:

Համերգին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Շառլ Ազնավուրը, որին հանդիսատեսը հոտնկայս ու բուռն ծափողջյուններով ողջունեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս