«Սա այն ակումբն է, որտեղ հավաքվում են երիտասարդ ստեղծագործողները, հետազոտողները». Բաց դռների օր՝ «Կրտսեր Մերգելյան ակումբ»-ում
Հունիսի 1-ը՝ առանց փուչիկների՞, կոնֆետների՞, կամ պաղպաղակի՞… մի փոքր անհնար թվացող այս երևույթը հնարավոր է դարձրել Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը: Առավոտյան ժամը 9:30-ից TSD ընկերությունը «Կրտսեր Մերգելյան ակումբ» նախագծի շրջանակներում բաց դռների օր է հայտարարել 8-14 տարեկան դպրոցականների համար՝ ընձեռելով հնարավորություն՝ տոնն անցկացնել ընկերության արտադրամասում. կատարել գիտական փորձեր, VR վիրտուալ իրականության ակնոցներով կրթական ֆիլմեր դիտել, էլեկտրոնիկա հավաքել: Սա նախագծի շրջանակներում բաց դռների առաջին դեպքն է:
«Կրտսեր Մերգելյան ակումբը» New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամի նախագիծն է, որը ձեռնարկվել է Technology and Science Dynamics (TSD) ընկերության հետ համատեղ։ Ընկերության ու բարեգործական հիմադրամի հիմնադիրն է Վահան Շաքարյանը:
«Կրտսեր Մերգելյան ակումբը» նախատեսված է միջնակարգ դպրոցի՝ 8-14 տարեկան աշակերտների համար: Ակումբը հնարավորություն է տալիս աշակերտներին ոչ ֆորմալ միջավայրում կանոնավոր կերպով մասնակցել գիտությանը, տեխնոլոգիային, ճարտարագիտությանը և մաթեմատիկային առնչվող դասընթացներին, գործնական աշխատանքներին, որոնք միավորված են լինելու մեկ ամբողջական ծրագրի մեջ:
Technology and Science Dynamics (TSD) ընկերության փոխտնօրեն Մարինե Թորոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր ազգի համար շատ կարևոր է շարունակականություն ապահովելը, դրա համար էլ ստեղծվեց «Կրտսեր Մերգելյան ակումբը», որը գործում է 2017 թվականի մարտից: Սա այն ակումբն է, որտեղ հավաքվում են երիտասարդ ստեղծագործողները, հետազոտողները, կիսվում են իրենց գաղափարներով, տարբեր ոլորտի մարդիկ հանդես են գալիս դասախոսություններով:
«Հունիսի 1-ը մենք հայտարարել ենք բաց դռների օր բոլոր երեխաների համար, Արտադրամասում այսօր աշխատանքներ չեն լինում, բոլորն օգնում են կազմակերպելու երեխաների առօրյան արտադրամասում: 9:30-ից սկսած երեխաների հոսքը շարունակվում է: Նախ՝ արտադրական գործընթացով են զբաղվում, իրենք իրենց ձեռքերով են մասնակցում հավաքման գործընթացին»,- նշեց ընկերության փոխտնօրենը:
Technology and Science Dynamics (TSD) ընկերության փոխտնօրեն Մարինե Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ «Կրտսեր Մերգելյան ակումբը» հունիսին սկսում է 4-շաբաթյա դասընթաց, որի ընթացքում երեխաներին սովորեցնելու են 3D մոդելավորում, դիզայներական ծրագրեր…
Անի Թորոսյան